ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն։ Հարցին՝ ՀՀ-ն արդյո՞ք քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, Գրիգորյանը պատասխանել է. «Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան, և մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկելը»։
Անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման հնարավորությանը, նա նշել է. «Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ պահվել է պաշտոնական նամակով»։ Գրիգորյանը մանրամասնել է, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը. «Հայաստանը, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»։
Ըստ Գրիգորյանի՝ «Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ էր ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»։