Տարոն Մարգարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվել է

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր` մարտի 6-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի ունեցավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի, Անդրանիկ Քասարյանի, Արսեն Ամյանի, Հայկ Կյուրեղյանի, Արամ Ենգոյանի, Տիգրան Փոթիկյանի, Միքայել Հակոբյանի և Հայկ Պետրոսյանի գործով նիստը։

Երևանի նախկին քաղաքապետն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Ըստ Քննչական կոմիտեի` նախաքննության ընթացքում հաստատվել է, որ դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը հանձնարարել է կատարել 16-րդ հատուկ դպրոցի հողամասի սահմանները ճշտում՝ հողամասի նոր հատակագծով դպրոցին պատկանող հողակտորից նվազեցվել է ավելի քան 3600 քառակուսի մետր: Ըստ Քննչական կոմիտեի` այնուհետև այն օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն:

«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», – նշված է կառույցի հաղորդագրության մեջ:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող 64-րդ մանկապարտեզից էլ 1400 քառակուսի մետր հողամաս է օտարվել։ Քննչական կոմիտեի ներկայացմամբ՝ տարածքը աճուրդով վաճառվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, այս անգամ էլ մանկապարտեզի տնօրենի հորը։

Արման Սահակյանը, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2 փաստաբաններ նիստին չէին ներկայացել: Նրանցից մեկի պաշտպանյալը նշեց, որ հրաժարվել է, որպեսզի տվյալ փաստաբանը ներկայացնի իր շահերը:

Արայիկ Ալվանդյանի բացակայության պատճառը նրա դստեր մահն էր: Փաստաբանի բացակայության հարգելի պատճառով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ գործը դատարան է ստացվել դեռևս 2023 թվականի ապրիլի 11-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել