Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ․ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար:

«Արմենպրես»-ը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության, առաջիկայում Ֆրանսիայից սպասվող այցերի ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:

-Պարոն դեսպան, Ադրբեջանն ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից, մինչդեռ Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանին զինելու և Կովկասի տարածաշրջանում լարվածության սրացմանը նպաստելու մեջ, որոշակի շրջանակներ նաև տեսակետ են հայտնում, թե ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, այսպիսով ցանկանում է Հարավային Կովկասում թուլացնել Ռուսաստանի դերակատարությունը: Ինչպե՞ս կարձագանքեք սրան, Ֆրանսիան պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ի՞նչ հետաքրքրություն, շահագրգռվածություն ունի:

-Ի հակադրություն այդ որոշակի շրջանակների, որոնց դուք հղում եք անում՝ մենք ազդեցության ոլորտների տեսանկյունից չենք մտածում, մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է:

-Վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում:  Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցություններ, հանդիպումներ են եղել, Ֆրանսիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ՝ կանխելու նախապատրաստվող նոր պատերազմը:

-Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ: Եվ վարչապետն ու Հայաստանի Հանրապետությունը պարզապես կլսեն ու հաշվի կառնեն այդ հայտարարությունները: Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել