«Եթե ձեր ներսում արձանագրեք, որ մենք պարտվել եք, շատ հարցեր դուրս կգան»․ Գագիկ Ջհանգիրյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 30 տարի շարունակ բանակում ներդրումներ չեն արվել, հենց այդ պատճառով էլ Հայաստանը պարտվել է 2020 թվականի պատերազմում․ «Եթե ձեր ներսում արձանագրեք, որ մենք պարտվել եք, շատ հարցեր դուրս կգան»։

Նա ասել է, որ բանակում չեն եղել ժամանակակից ՀՕՊ համակարգեր, զենք և զինամթերք, ուշադրություն չի դարձվել անօդաչուներին։

«Թվում էր, թե ինչ-որ մեկը մեզ պետք է պաշտպանի, Ադրբեջանը մեզ պատերազմ չի հայտարարի, չի կռվի։ Պարզվեց, որ բոլոր երաշխիքները սուտ էին։ Կովկասում ամենահզոր բանակը լինելու մասին գնահատականները ճիշտ էին 1994-1997 թվականները, հետագայում երկրի ղեկավարությունն այդ բանակի վրա ուշադրություն չի դարձրել։ Բանակը ժամանակակից զենքով և տեխնիկայով չի զինել»,-նշել է Ջհանգիրյանը՝ հավելելով, որ պատերազմում պարտվելու պատճառներից մեկն էլ ընտրված «հին, սովետական» մարտավարությունն է եղել։

Նրա համոզմամբ` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության իրական մեղավորները նստած են, բայց` ոչ բոլորը․ «Հիմա նախաքննությունը վերսկսվել է, Փառք Աստծո, արեք համբերենք»։

Ըստ Ջհանգիրյանի` հիմա պետական, օպերատիվ-հետախուզական, քննչական ու դատախազական բոլոր մարմինները շահագրգիռ են, որ բացահայտվի այդ հանցագործությունը․ «Հուսանք, որ ամեն ինչ կպարզվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել