Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով ցուցանակն անհետացել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից

Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դեռևս 2021 թվականին բուժկենտրոնի «Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքն անվանակոչվել էր որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ Բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավելի զինվորներ։

«Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով՝ տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝որդուս նկարով վահանակի հետ միասին»,- գրել է Արտակ Հովհաննիսյանը։

Աշխատակիցներից հետաքրքրվել են, թե որտեղ են բաժանմունքն ու վահանակը։ Ոմանք ասել են, թե բաժանմունքը տեղափոխվել է, նորը գտնել այդպես էլ չի հաջողվել։ Որևէ մեկը տեղեկություն չի ունեցել նաև վահանակի մասին, անգամ ասել են, թե նման բան չի եղել

Արտակ Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է բաժանմունքի պատին ամրացված ցուցանակը, մյուս լուսանկարում՝ դատարկ պատն է՝ ապամոնտաժված ցուցանակից մնացած անցքերով։

«Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ»,- եզրափակում է հերոսի հայրը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել