Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը նոր նախագիծ է ներկայացրել, որի նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները:
Համաձայն Օրենքի՝ գործող կարգավորումների` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողներին հատուցման գումարները վճարվում են զինծառայողի համար սահմանված հաշմանդամության խմբին կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին համապատասխան: Ըստ այդմ, հաշմանդամության խմբի կամ սահմանափակման աստիճանի յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերահաշվարկվում են նաև հատուցման գումարները:
Նշենք, որ եթե հիմնադրամի շահառուն ճանաչվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին կամ թեթև աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ապա հատուցման գումարների վճարումը դադարեցվում է, իսկ զինծառայողը սկսում է պետական բյուջեից ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:
Միաժամանակ, այս դեպքում, հիմնադրամը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շարունակում է զինծառայողին վճարել դրամական աջակցություն՝
1) սպայական կազմի զինծառայողին՝ ամսական 75 000 դրամի չափով.
2) պայմանագրային և զորահավաքային կազմերի շարքային զինծառայողին և կամավորականին` ամսական 50 000 դրամի չափով.
3) պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողին՝ ամսական 25 000 դրամի չափով:
Նախագծի հիմնավոման մեջ ընդգծվում է, որ վերը նշված հանգամանքները մի կողմից դժվարացնումեն համապատասխան վարչարարության իրականացումը, իսկ մյուս կողմից` առաջացնում շահառուների դժգոհությունը, ինչը անհրաժեշտ է դարձնում խնդրի կարգավորման նպատակով Օրենքում փոփոխություններ կատարելը։
Նախագծով առաջարկվում է, որ Հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հիմնադրամը հատուցման գումարները շարունակվեն վճարվել նախկին չափով` մինչև 20-ամյա ժամկետը լրանալը:
Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ եթե բարելավվում է զինծառայողի հաշմանդամության խումբը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը), ապա դա չի հանգեցնում նշանակված հատուցման գումարի վերանայմանը:
Հստակեցվում է նաև, որ հիմնադրամի խորհուրդը կարող է աջակցության ծրագրեր իրականացնել նաև հիմնադրամի նախկին շահառուների համար:
Նախագիծն ընդունվելու դեպքում` 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող և Հիմնադրամի կողմից դրամական ստացող աջակցություն զինծառայողների՝ կրկին Հիմնադրամի շահառու դառնալու հիմքով կդադարի նրանց՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը։
Բացի այդ, Պաշտպանության նախարարության առաջարկով Օրենքից հանվում է հատուցման հիմք հանդիսացող՝ մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի պատճառով զինծառայողի զոհվելու՝ հինգ տարվա ժամկետային սահմանափակումը։