4 տարի 1 ամիս հետո Վահագն Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 4-ին, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Ամբաստանյալ Վահագն Վերմիշյանը և հանրային մեղադրողը ներկա չէին:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանն այսօր հրապարակեց Վերմիշյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը։

Կոչուբաևը հայտնեց կազմին՝ նիստից օրեր առաջ տեղեկացել է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունում դատախազության բողոքը Գևորգ Առուշանյանի վերաբերյալ, որով առաջին ատյանը նախորդ խմբագրությամբ Քրեական դատավարության օրենսգրքով գործ քննելիս կիրառել էր տնային կալանք:

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել որոշումը, իսկ Վճռաբեկը վարույթ չէր ընդունել որոշման դեմ ներկայացված բողոքը. «Հատկապես հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որ այլևս Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելը մերժելու որոշումները  նախադեպային իրավունքի արժեք պետք է ունենան։ Կարծում եմ, որ այս հարցն անուղղակիորեն փակ է Վճռաբեկի վարույթ չընդունելով, իսկ փաստարկն էլ այն էր, որ միջնորդությունը պետք է քննարկվի որպես վարույթային գործողություն  ու պետք է կատարվի տվյալ պահին գործող կարգավորումներով, քանի որ միջնորդությունը որպես վարույթային գործողություն հարուցվել է 2022 թվականի նոր Քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում, գտնում եմ, որ կիրառելի իրավունքը 2022 թվականի խմբագրությունն է»:

Դատարանը որոշեց ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը բավարարել մասնակի: Ներկայիս խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Համակցված կիրառվեց նաև գրավ՝ 25 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև երկրից բացակայելու արգելքով:

Ամբաստանյալի հարազատները ծափողջյուններով ողջունեցին դատարանի որոշումը:

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Iravaban.net-ը զրուցեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ: Նա նշեց, որ Վերմիշյանն այսօր ազատ կարձակվի, իսկ եռօրյա ժամկետում կվճարվի գրավը.  «Պարոն Վերմիշյանը այս պահին կլինի տնային կալանքի տակ, բայց դա էլ՝ մասնակի հաղթանակ է: Մենք 4 տարի բարձրաձայնում էինք այս որոշման անհրաժեշտության մասին»:

Կոչուբաևը ոգևորությամբ արձանագրեց, որ երախտապարտ է այս դատական կազմին՝ անկախ և անկողմնակալ լինելու համար. «Ես վստահ եմ, որ այս որոշումն իրենց հեշտ չի տրվել ու այն կայացվել է դատավորի անկախության համար շատ ծանր պայմաններում և մարտերում»:

Նա հավելեց նաև, որ Վերմիշյանի ազատությունն այս 4 տարիների ընթացքում իրենք նվաճել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել