Առողջապահության նախարարությունն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի պատասխանները։ Առողջապահության նախարարության «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հարցուպատասխանի շրջանակներում, անդրադարձ կատարելով էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերին, գերատեսչությունից նշել են, որ խոսքը հետևյալ դեղերի մասին է՝  անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղի ձեռքբերմանը, ապա ըստ նախարարության, ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը: Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):

Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:
Անդրադառնալով  աշխատանքային ժամերին դեղատոմսի կարիքի դեպքում դրա ձեռքբերման հարցին, ԱՆ-ից հայտնել են, որ տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

Դեղատներում հոսանքի կամ համացանցի խափանման դեպքում դեղերի բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

Նախարարությունը հրապարակել է նաև դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկը, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել