Միայն մարտի 1-ին և մարտի 2 -ին «ԱՐՄԵԴ» համակարգը հայտ է ստացել ավելի քան 500 դեղատնից

Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Այս մասին հայտնում են «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունից։

«Իրականությանը չեն համապատասխանում անանուն աղբյուրներին հղումներով այն հրապարակումները, թե «ԱՐՄԵԴ» համակարգին միանալու համար լրացուցիչ գումար է վճարվում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածութուն ևս չի առաջանում: Դեղատներում համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:

Մյուս կողմից՝ բնական է, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկզբում ի հայտ են գալիս խնդիրներ: Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր մարտի 1-ից գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը «ԱՐՄԵԴ»-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, գործող օրենսդրությամբ դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձանց համար «ԱՐՄԵԴ» համակարգին միանալը պարտադիր է:

Չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի 2-ին «ԱՐՄԵԴ» համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հայտեր է ստացել ավելի քան 500 դեղատնից: Մեր թիմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարելու համար:

Գործընթացի սահուն ներդրումն ապահովելու համար կարևոր է նաև դրանում ներգրավված բոլոր օղակների աշխատանքն ու պատրաստակամությունը: Մեր թիմն աշխատում է 24- ժամյա ռեժիմով, և բոլոր հարցերի դեպքում թե՛ դեղատները, թե՛ բուժհաստատությունները կարող են կապ հաստատել մեզ հետ»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել