ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով՝ 5 միլիոն դրամի չափով։ Բացի այդ, վերջինս չի կարողանա ՀՀ-ից բացակայել։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Խաչատրյանը իր ընկերների և ծանոթների՝ թվով 8 անձանց հետ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող Էրիկի մոտ հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։
Ժամը 20-ի սահմաններում, 53-ամյա տղամարդու և ներկաներից մեկի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո Խաչատրյանը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։
Այնուհետև, Տիրան Խաչատրյանը ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգևատրված՝ փամփուշտներով լիցքավորված CZ 75 SP 01 Tactical տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող Էրիկի մոտ կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։ Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։