Արթիկի երկու բնակչից 37 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակած անձանցից երկուսը կալանավորվել է

Արթիկի բնակիչ հայր և որդուց ավազակությամբ շուրջ 37 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակած անձանցից երկուսը կալանավորվել են, մյուս երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելու միջոցով, ավազակությամբ առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդեր հափշտակող 4 անձինք Երևանի բնակիչներ են։

Քննությամբ պարզվել է նաև, որ 2024 թ. փետրվարի 9–ին՝ ժամը 09:45–ի սահմաններում, Արթիկի այդ բնակիչների շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված և սև անձրևանոցներով անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշել են հայր ու որդու, նստեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։

Այնուհետև որդու «Մերսեդես–Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են նրանց խանութի վաճառքի համար նախատեսված ավելի քան 37 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, իսկ նրանց տարել Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։

Այդ ընթացքում ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակվել, հայր և որդի ծեծի են ենթարկվել, ստացել մարմնական վնասվածքներ:

Երևանի հիշյալ 4 բնակիչների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252–րդ հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով (առանձին դաժանությամբ կատարված ավազակությունը) և 335–րդ հոդվածի 1–ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) քրեական հետապնդում է հարուցվել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 4 անձանցից երկուսը հայտնաբերվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել