Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 1-ին, շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը:
Համաձայն հայցադիմումի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին պատասխանողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- 79 անշարժ գույք.
- 42 տրանսպորտային միջոց.
- Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
- Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
- 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք.
- 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
- 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
- 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
- 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին պատասխանող Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներ Վարազդատ Ասատրյանը, Սմբատ Մինասյանը, Հարություն Հարությունյանը, պատասխանողներ Տիգրան Մանուկյանի և Արմինե Մանուկյանի ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը, պատասխանող Ջավահիր Ծառուկյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը:
Պատասխանողներ Ջավահիր Ծառուկյանը, Նվեր Ծառուկյանը, Արփի Ավետիսյանը, Հովհաննես Ծառուկյանը, Կոլիկ Ծառուկյանը, Ռոզա Ծառուկյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Սեդրակ Առուստամյանը, Վարդիթեր Խաչատրյանը չէին ներկայացել: Նրանց մասով պատշաճ ծանուցում առկա չէր:
Մի քանի կազմակերպությունների կողմից մուտքագրվել էին միջնորդություններ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Նման միջնորդություններ էին ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, «Մուլտի ավտէոտրանս» ՍՊԸ, «Օլիմպավան», «Գլոբալ մոթորս», «Մուլտի ուելնես» կենտրոն, Երևանի Արարատ կոնյակի գինու կոմբինատ, «Մուլտի մոթորս» և մի շարք այլ կազմակերպություններ:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանն անդրադարձավ նիստը հետաձգելու խոչընդոտների վերաբերյալ դատավորի հարցին: Նա նշեց, որ հայցադիմումում առկա են փաստեր այն անձանց մասին, ովքեր պատշաճ ծանուցված չեն. «Այս պարագայում հետագա խնդիրներից խուսափելու, և իրենց իրավունքների ապահովման նպատակով, կարծում եմ նաև դժվար կլինի տարանջատել այդ անձանց»:
Դատախազը կողմ արտահայտվեց նիստը հետաձգելուն: Լուսնթագ Բեժանյանը նշեց, որ եթե կան պատասխանող կողմի չծանուցված ներկայացուցիչներ, դա խոչընդոտում է գործի քննությունը շարունակելուն. «Կխնդրեի հետաձգել գործի քննությունը, նաև, քանի որ մի քանի օր առաջ եմ ստանձնել Ջավահիր Ծառուկյանի շահերի պաշտպանությունը, գործի նյութերին ամբողջ ծավալով ծանոթանալ չեմ հասցրել»:
Նա ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար և դրանից հետո քննարկել 3-րդ անձանց ներգրավվելու հարցը. «Դա վերաբերվում է նաև Ջավահիր Ծառուկյանին, և ես պետք է կարողանամ որոշակի դիրքորոշում ներկայացնել և պաշտպանել վսահորդիս շահերը»:
Վարազդատ Ասատրյանը ևս խնդրահարույց համարեց այն, որ գործին մասնակցող անձինք պատշաճ ծանուցված չեն․ «Դատական նիստի մի մասը չի կարող որոշ անձանց վեաբերվել, մյուս մասը՝ ոչ: Նաև 3-րդ անձ ներգրավվել ցանկացող կողմը պետք է հասանելիություն ունենա գործին, հասկանա, թե ինչի շրջանակներում պիտի ինքը 3-րդ անձի դատավարական կարգավիճակ ունենա: Այդ հանգամանքների բացակայության պայմաններում կողմի մոտ 3-րդ անձ ներգրավվելու ցանկություն, կամ առնվազն իրավական կամ փաստական հիմք պետք է բացակայի»:
Պատասխանող կողմի մյուս ներկայացուցիչները համակարծիք էին նիստը հետաձգելուն:
Դատարանը, արձանագրելով, որ 3-րդ անձանց կողմից ներկայացված միջնորդությունները ներկայացվել են դատարանի ծանուցման հիման վրա, և ծանուցումն էլ իրականցվել էր հայցի առարկայի պարզման արդյունքում, իսկ հայցի առարկայի համաձայն՝ այդ բոլոր 3-րդ անձանց առնչվող պահանջները ներկայացված են միայն Գագիկ Ծառուկյանի և Ջավահիր Ծառուկյանի դեմ, և հաշվի առնելով, որ Ջավահիր Ծառուկյանի ներկայացուցիչը նոր է ներգրավվել, դատական նիստը հետաձգեց։
Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։
Նշենք՝ գործը դատարան է ստացվել 2023-ի հոկտեմբերի 9-ին, նույն օրը մակագրվել է դատավորին, հոկտեմբերի 18-ին վարույթ է ընդունվել, 2024-ի հունվարի 17-ին նշանակվել է առաջին դատական նիստը։
Շուրջ 3 դատական նիստ է հրավիրել, սակայն մինչև հիմա չեն ներկայացվել գործով հայցի հիմքն ու առարկան։ Նախորդ նիստերը պատասխանող կողմի տարբեր պատճառաբանություններով հետաձգվել են։
Մարիամ Անտոնյան