«Դեղերի մասին» եւ կից օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները կնպաստեն դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների ոլորտի կարգավորմանը, կներդաշնակեցվեն դեղերի ներմուծման գործընթացները: Այս մասին ԱԺ նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը:
Որոշակի խնդիրներ են արձանագրվել նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրավակիրառ պրակտիկայում, այդ թվում՝ փորձաքննությունների իրականացման մասով: Նախարարի դիտարկմամբ օրենքը չի նախատեսում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ եւ մասնագիտական դիտարկումներ իրականացնող կազմակերպության սահմանում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել: Կառավարության որոշումները փոփոխելու համար անհրաժեշտ են լիազորող նորմեր:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ օրենքի էական թերություններից է նաեւ այն, որ նախատեսվում է զուգահեռ ներմուծման թույլտվության եւ դրա տրամադրման մերժման համակարգ՝ չհստակեցնելով կապը ներմուծման հավաստագրման գործընթացների եւ ներմուծման մերժման հիմքերի հետ: Նշվել է, որ փաթեթը կազմելիս հաշվի առնվել ներմուծող ընկերությունների առաջարկները:
Հարցուպատասխանի ընթացքում նախարարն անդրադարձել է կլինիկական փորձարկումների իրականացմանն ու դրանց նկատմամբ վերահսկողությանը, Վարդենիսում նախատեսված բժշկական կենտրոնում ախտաբանաանատոմիական հերձումների համար նախատեսված ենթակառուցվածքների տեղակայմանը, օրինական ճանապարհով դեղերի ներմուծման հեշտացմանը, դեղերի շուկայում գնային քաղաքականությանը եւ այլ հարցերի:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Հրաչյա Հակոբյանը: