ՀՀ նախագահն առարկել է Մհեր Պետրոսյանին Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու դեմ

Մհեր Պետրոսյանը հանվել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից: Այս մասին որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը ընդունել է փետրվարի 19-ին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նման որոշման համար հիմք է հանդիսացել Հանրապետության նախագահի ներկայացրած առարկությունը, որը ներկայացվել է փետրվարի 16-ին։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկել էր Մհեր Պետրոսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու համար։ Պետրոսյանը 2016 թվականից պաշտոնավարում է Վարչական դատարանում։

Դատական օրենսգիրքը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկում և որոշում է կայացնում գաղտնի քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Նախկինում եղել են դեպքեր, երբ ԲԴԽ-ն չի ընդունել նախագահի ներկայացրած առարկությունը, օրինակ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նշանակման դեպքում։

Հանրապետության նախագահը 2023 թվականի մայիսի 8-ին դատավորի թեկնածության վերաբերյալ առարկություններ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին։ Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահին՝ վերոնշյալ առարկություններին ծանոթանալու համար, սակայն նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ դատավորի անձնական գործի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

«Դատավորի անձնական գործի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իր լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության նախագահը, դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը և Բարձրագույն դատական խորհուրդը»,-նշված էր պատասխանում:

Նման իրավիճակ էր ստեղծվել նաև դատավոր Ժորա Չիչոյանի նշանակման առնչությամբ։ ՀՀ նախագահը առարկություններ էր ներկայացրել, որոնք ԲԴԽ-ն չի ընդունել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել