Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:
Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ժողովականները նաև այցելեցին Մայր Տաճար և ծանոթացան հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։
Որոշվեց Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին։ ԳՀԽ թելադրեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։