Հյուրանոցը, որպես պահառու, պատասխանատվություն է կրում կենվորի գույքի, բացառությամբ նրա դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար: Հյուրանոցի համաձայնությունը կենվորի հետ այս պատասխանատվությունը բացառելու մասին առոչինչ է:
Հյուրանոց մուտք եղած է համարվում հյուրանոցի աշխատակիցներին վստահված կամ հյուրանոցային համարում կամ դրա համար նախատեսված վայրում տեղադրված գույքը:
Հյուրանոցը կենվորի դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի համար պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ դրանք հյուրանոցի կողմից ի պահ են ընդունվել կամ կենվորի կողմից տեղադրվել են հյուրանոցի կողմից նրան տրամադրված անհատական պահատեղում` անկախ այդ պահատեղի (կենվորի համարում, թե հյուրանոցի մեկ այլ տարածքում) գտնվելու հանգամանքից:
Հյուրանոցն ազատվում է նման պահատեղի պարունակության պահպանվածության խախտման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց կենվորի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալն անհատական պահատեղին կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:
Իր գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը հայտնաբերած կենվորը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հյուրանոցի տնօրինությանը: Հակառակ դեպքում` հյուրանոցն ազատվում է գույքի պահպանության համար պատասխանատվությունից:
Կենվորի գույքի պահպանվածության համար պատասխանատվությունն իր վրա չվերցնելու մասին հյուրանոցի հայտարարությունը վերջինիս չի ազատում պատասխանատվությունից:
Վերը նշված կանոնները համապատասխանաբար կիրառվում են մոթելներում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում, բաղնիքներում և այլ նմանատիպ կազմակերպություններում քաղաքացիների գույքի պահատվության նկատմամբ: