Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:
Պետությունը երաշխավորում է`
անհետաձգելի հոգեբուժական օգնությունը.
հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական, ախտորոշման, բուժման ու սոցիալական վերականգնման հետ կապված օգնությունը.
հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերը, ժամանակավոր անաշխատունակության որոշումը.
հոգեկան խանգարումներով տառապող անձանց սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.
խնամակալությունը.
իրավական հարցերով օժանդակությունը.
հոգեկան խանգարումներով տառապող հաշմանդամների սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը, ուսուցումը և խնամքը.
աղետների և վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպումը:
Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ստացիոնար և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: