ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը.
Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»։
Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ Սնանկության դատարանի դատավոր:
2022թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Ընտրությունը չի բացառում Արթուր Աթաբեկյանի հետագա պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդում և նա կշարունակի զբաղեցնել ԲԴԽ դատավոր անդամի պաշտոնը։