Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման:
Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցեց նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին գահակալության 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և արդյունավոր հովվապետության երկար տարիներ։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած են նաև երկու Եկեղեցիները։ Վեհափառը վստահությամբ արձանագրեց, որ հավատն այն ամուր հիմքն է, որով ժողովուրդներն արժանապատվորեն կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ վերականգնելով իրենց կյանքում բաղձալի խաղաղությունը։
Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում Ռուս Եկեղեցու հովվապետի ցուցաբերած աղոթական զորակցությանը և ներդրած ջանքերին ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը։ Հայոց Հայրապետը ցավով արձանագրեց, որ այսօր, երբ հայաթափված է Արցախը Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։
Ակսիյ արքեպիսկոպոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու աղոթքները։ Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչը վստահեցրեց Հայոց Հայրապետին, որ պիտի ամենայն ջանք գործադրի ռուսական համայնքի հոգևոր խնամքի կազմակերպման և երկու ժողովուրդների ու Եկեղեցիների միջև հարաբերությունների առավել սերտացման։
Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքները բերեց թեմի նորանշանակ ժամանակավոր կառավարչին՝ աղոթելով, որ Աստված զորակից ու օգնական լինի նրան իր առաքելության մեջ։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։