Որևէ ոլորտում գաղտնի պայմանավորվածություն չունենք. Փաշինյանը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին

Հայաստանի կառավարությունը որևէ ոլորտում գաղտնի պայմանավորվածություն չունի, որը ժողովրդին հայտնի չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ու «Լիդիան Արմենիա»-ում կառավարության բաժնեմաս ունենալու վերաբերյալ հարցին:

Պատգամավորը հարցրեց, թե արդյոք այս գործարքների իրական բնույթը կառավարության կողմից անօրինական «փայ» մտնելը չէ՝ չվճարված հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու և չպատժելու դիմաց:

«Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում: Եվ տրվում է ոչ թե համատարած և բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ նախագծերն իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն»,-վարչապետը:

Փաշինյանը հարցրեց պատգամավորին՝ մոռացե՞լ է, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ինչպես է սեփականաշնորհվել և ում:

«Ամուլսարի հետ կապված մենք հետևյալ դիլեմայի առաջ ենք կանգնած եղել. մի կողմից հանրային ընկալման լեգիտիմության խնդիր կա, մյուս կողմից կան ներդրումներ: Ինչպե՞ս դուրս գալ այդ փակուղուց, հանրությունն իրեն բավարարված չի զգում, այդ թվում տեղական հանրությունը, բայց մյուս կողմից էլ միլիոնավոր դոլարներ են ներդրվել: Ազդակիր համայնքները Ամուլսարից տարին 7 մլն դոլար գումար են ստանալու: Կառավարությունը չէ այդ 12.5 տոկոսի տերը, ՀՀ ժողովուրդն է»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով «փայ» մտնելու մասին դիտարկմանը՝ վարչապետը պատասխանեց, որ ոչ ոք իր ունեցած սեփականությունից չի զրկվել: «Եկել է նոր սեփականատեր, նա, հասկանալով լեգիտիմության հետ կապված խորը խնդիրները, ասել է, որ այդ ընկերություններն իրենց թիկունքում պատմություն ունեն, չի ուզում այդ պատմության բեռը կիսել իր բիզնես վարկանիշի հաշվին, չի ուզում լինել այդ վատ պատմության ժառանգորդը և ուզել է, որ կառավարությունն իր կողքին կանգնի, որ բոլորս տեսնեն, որ ինքը երկրից տանող չէ, երկրին բերող է, քանի որ դա պետք է իր բիզնես վարկանիշի համար: Ի՞նչն է այստեղ կասկածելի: Ի՞նչ գաղտնի պարտավորություն. ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում որևէ գաղտնի պայմանավորվածություն,  պարտավորություն, որը ՀՀ ժողովրդին հայտնի չէ, չունի»,-ասաց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել