Ես որևէ մեկի հետ բռնի ձևով չեմ աշխատում և չեմ պարտադրում աշխատանք։ Այս մասին Iravaban.net-ի հարցին ի պատասխան նշեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ պատասխանելով «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի այն դիտարկմանը, որ վերջինս չի ցանկանում աշխատել Մկրտչյանի հետ։
Թատրոնների միացման իրավական գործընթացի իրականացումը փաստացի ավարտվել է 2024 թվականի հունվարի 30-ին, երբ Իրավաբանական պետական ռեգիստրի կողմից կատարվել է «Գոյ»-ի գործունեության դադարման պետական գրանցումը և Մայր թատրոնի նոր կանոնադրության գրանցումը, որտեղ նշվում է «Գոյ» թատրոնի իրավահաջորդ հանդիսանալու մասին։
«Ես աշխատող մարդ եմ, գոնե իմ կոլեգաները դա կարող են փաստել։ Աշխատանքից չեմ փախչում, աշխատանքի ընթացքում ուրիշ բաներով չեմ զբաղվում։ Ես սիրում եմ աշխատել, հատկապես՝ թատրոնում»,-նշեց Մկրտչյանը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է «Գոյ»-ի կողմից ներկայացված հայցադիմումները հետ վերցնել դատարանից, թատրոնի տնօրենի պատասխանեց․ «Ես այդ կռվի մեջ Կառավարության հետ վեճ չունեմ»։
Մկրտչյանը հիշեցրեց՝ թե՛ Սունդուկյան, թե՛ «Գոյ» թատրոնների հիմնադիրը Կառավարությունն է․ «Ուզում եմ, չեմ ուզում, չարը, բարի, լավ է, վատ է․․․նման զրույցներ չկան, սրանք պետական ինստիտուտներ են»։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ ավելացրեց, որ «Գոյ»-ն իր լեզուն ունի, հանդիսատեսի հետ շփվելու կերպն ունեն․ «Իրենք սովոր են այդտեղ խաղալ, այդտեղ էլ խաղալու են։ Չեն ուզո՞ւմ աշխատել, ո՞վ կարող է իմ ձեռքից բռնել, եթե ես չեմ ուզենա աշխատել»։
Մանրամասները՝ տեսանյութում։