Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ավագանին այսօր՝ փետրվարի 7-ին, որոշում ընդունեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ելույթ ունեցավ նաև Հայկ Մարությանը․ «Այսօր այս դահլիճում նորից մի անամոթ որոշում է քննարկվում՝ մանդատից զրկել ավագանու մի քանի անդամի, այդ թվում՝ ինձ»։
Նրա խոսքով՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելը հայեցողության հարց է։ «Ինչու՞ նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով, ոչ թե ամիսներով, նիստերին չէին մասնակցում, որովհետև ձեր դեմ դուրս չէիք գալի՞ս։ Գիտե՞ք անցած գումարման ժամանակ ում եք հեռացրել․ Լուսինե Մխոյանին, հղի կնոջը, միայն այն բանի համար, որ երբ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք՝ նա ձեզ չմիացավ, այ էս եք դուք։ Հիմա մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը: Այ դրա համար եք հեռացնում, թե չէ օրենք, բան․․․ էդ սաղ լոլոներ են»,-ասաց նա։
Հայկ Մարությանը նշեց, որ մարդիկ իրեն ընտրել են 5 տարով ու 3 ամսում իրեն հանում են ավագանու շարքից, իսկ ո՞վ է իրեն այդ մանդատը տվել՝ ոչ իրենք։ «Կարո՞ղ է մտածում եք՝ իմ գործատուն եք․ իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս։ Դուք ո՞վ եք»,-ասաց Մարությանը՝ հիշեցնելով նաև, որ ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմունքներով է և ավագանու անդամները պետությունից գումար չեն ստանում։