Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու համար շրջանառության մեջ է դրվել ավագանու որոշման նոր նախագիծ: Նախատեսվում է ունենալ մեկանգամյա ու բազմակի օգտագործման, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան տոմսեր:
«Ես հստակ եմ ուզում ֆիքսենք, որ այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է: Միևնույն է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է: Այս նախագիծն ուղղված է նրան, որ մենք ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Գլխավոր հարցը կթանկանա տրանսպորտը, թե՝ ոչ, փոխքաղաքապետն ընդգծում է՝ փոփոխություններ լինելու են, սակայն տարբեր խմբերի համար՝ թոշակառուներ, ուսանողներ, կսահմանվեն արտոնություններ:
Լինելու են վճարման մի քանի տարբերակներ՝ քարտեր, թղթային տոմսեր՝ QR կոդերով, էլեկտրոնային տոմսեր: Դրանք կակտիվանան առաջին անգամ օգտագործելուց հետո և ժամկետի մեջ կլինեն սահմանված ժամերի կամ օրերի քանակով:
Կախված տոմսի տեսակից՝ կտարբերվի նաև մեկ ուղևորության արժեքը: Օրինակ՝ 1 օրվա տոմսը, որը ներառում է 8 ուղևորություն, էլեկտրոնային տոմսի դեպքում յուրաքանչյուր օգտագործման համար կհաշվարկվի 110 դրամ, թղթայինի դեպքում՝ 112.5 դրամ:
«Նախագծով նախատեսված է, որ մրցույթով հաղթած ընկերության հավելվածի միջոցով պրոդուկտների ձեռքբերման դեպքում զեղչ է գործելու, ինչը նույնպես հիմնավորված է, որովհետև ֆիզիկական կրիչների դեպքում ավել ծախս է ենթադրում: Նպատակն է ամբողջը բերել նաև թվային դաշտ, հաշվետվությունների դաշտ, տեսանելի դաշտ» ,-նշել է Գրիգորյանը:
Այլ, ավելի բարձր սակագներով կլինեն զբոսաշրջիկների համար տոմսերը՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան ուղղությամբ: Նույն տոմսով տարբեր փոխադրամիջոցներում միաժամանակ տարբեր անձինք չեն կարողանա օգտվել:
Աշնանը Երևանում կլինեն նաև 171 հատ 8.6 մետրանոց ավտոբուսները, ինչն էականորեն կբարելավի ոլորտն ու կկրճատի սպասելաժամանակը:
Ավագանու որոշմամբ քաղաքային իշխանությունը վստահ է, որ կվերանա նաև ստվերային շրջանառությունը, ինչն այսօր կապված է մանրադրամով վճարման հետ: Մինչ այդ քաղաքապետարանը բաց է քննարկումների և առաջարկների համար:
Տրանսպորտային բարեփոխումները համալիր ու շարունակական գործընթաց են: