Արդշինբանկը ձեռք է բերել HSBC-ի՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկը։ Այս մասին հայտնում է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
«Այսօր մենք ուրախ ենք տեղեկացնել, որ HSBC-ի հետ եկել ենք համաձայնության՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկի ձեռք բերման վերաբերյալ։ Արդշինբանկը ուրախ է ողջունել HSBC Հայաստանի հաճախորդներին իր բանկային հարթակում՝ շարունակելով արագ աճի մեր ռազմավարության իրականացումն ու հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնումը:
Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։
Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաեւ հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»: