ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը: Այնուհետև սահմանված վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Չնայած բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը, այդուհանդերձ, բարձրագույն կրթություն չունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ նշված ժամկետում պետք է դադարեցնեին մանկավարժական աշխատանքը։
2023 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ եթե բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորմանը և հաղթահարեն ատեստավորված համարվելու շեմը, կարող են շարունակել ուսուցչական աշխատանքը։ Հակառակ պարագայում՝ նրանք դադարեցնում են իրենց մանկավարժական գործունեությունը։
Ատեստավորմանը մասնակցել է բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ, որոնցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվել են ատեստավորված և շարունակում են մանկավարժական գործունեությունը: Նրանք նաև ստանում են վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման արդյունքների։
Այդուհանդերձ, մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելով սահմանված շեմը հաղթահարելու տարբերակները։
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է վերոնշյալ ուսուցիչների օժանդակության ծրագիր, որի նպատակը բարձրագույն կրթություն չունեցող և «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն մանկավարժական աշխատանքը դադարեցված ուսուցիչների հետագա մասնագիտական գործունեության շարունակականությանն աջակցելն է՝ խրախուսելով մասնագիտական զարգացումը և նպաստելով ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը։
Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է 2023 թվականին, կարող է.
- Կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում կամ շարունակել այն՝ ընդհատված լինելու դեպքում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի՝ տվյալ կիսամյակի ուսման վարձը կարող է փոխհատուցվել պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը դադարեցվում է, եթե շահառուն չի ապահովում առնվազն 60 % ՄՈԳ կամ դադարեցնում է ուսումնառությունը։
- Կամավոր ատեստավորման նպատակով մասնակցել առարկայի իմացության համար սահմանված վերապատրաստմանը: Նախարարությունն օրենսդրության համապատասխան կազմակերպում է վերջիններիս վերապատրաստումը՝ այդ նպատակով պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում։
Նախագծով սահմանվել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու կամ կրթությունը շարունակելու, ինչպես նաև կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար առարկայի իմացության վերապատրաստում անցնելու դիմումների ներկայացման ժամկետը երեք ամիս է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։