Հունվարի 31-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Էջմիածնի մի բնակիչ: 54-ամյա տղամարդը հայտնում էր, թե անձը, որին ինքը ճանաչում է, բայց անունը չգիտի` իրեն դանակահարել է:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե:
Քիչ անց հաղորդում ստացվեց նաև հիվանդանոցից. տղամարդն ընդունվել էր բուժօգնության` կտրած-ծակած բազմակի վերքերով:
Վաղարշապատի քրեական հետախույզների միջոցառումներով բավական արագ պարզվեցին դեպքի բոլոր հանգամանքները:
Ըստ նախնական տվյալների` տուժած տղամարդը գնացել էր Շահումյան փողոցում գտնվող ընկերոջ տուն, որտեղ կազմակերպել էին կերուխում: Այդ ընթացքում էլ վեճ էր ծագել 54-ամյա տղամարդու և 40-ամյա տանտիրուհու միջև:
Նախ տղամարդը գարեջրի շշով հարվածել էր կնոջ գլխին, ինչից հետո, վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը, տանտիրուհին հարվածներ էր հասցրել տղամարդուն:
Վաղարշապատի բաժնում կինը խոստովանել է արարքը: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: