Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող կոնտենտի հեռարձակման համար հատուկ ժամ կսահմանվի

Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների ու տեսալսողական հաղորդումների տարածումը կանխարգելելու համար ժամ կսահմանվի: Նախագիծն Ազգային ժողովի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ 2020-ին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա: Նաև արձանագրվել է, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրան բնորոշ վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում՝ քայլեր ձեռնարկելով և՛ գործնական, և՛ օրենսդրական մակարդակում:

«Այսօր հաճախ հեռուստառադիոյի եթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմեր, սերիալներ կամ տեսալսողական հաղորդումներ: Քրեական ենթամշակույթի բաղադրատարրեր պարունակող տեսալսողական հաղորդումները, որտեղ, մասնավորապես, դրականացվում, հերոսացվում են քրեական ենթամշակույթի կերպարները, միանշանակորեն ազդում են անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Վերոնշյալ տեսալսողական հաղորդումները պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը, քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի՝ հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացմանը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ հաճախ անչափահասները ցանկություն են ունենում նմանվել քրեական ենթամշակույթ կրող անձանց:

Ըստ այդմ՝ առաջարկվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 00:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում․ «Սրանով մենք ուզում են նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների վրա, հատկապես՝ անչափահասների դաստիարակության վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել