«Հայաստան» բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին։

Նշենք՝ ավելի վաղ Խաչատրյանը հայտարարել է, որ թուրքերը պահանջում են փոխել Հայաստանի սահմանադրությունը, որովհետև այն սահմանադրական հայեցակարգում, որը դեռ կորոնավիրուսի ժամանակվանից սկսել եք մշակել, անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել։ 

«Հիմա էլ նոր բաղադրիչ առաջացավ՝ ազգ, պետություն և ժողովուրդ, բա հետո՞․ սևեր-սպիտակներ, հներ-նորեր։ Հետո հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը հակադրել Արագածին, հիմա էլ ժողովուրդը հակադրում եք պետության հետ»։

Ըստ նրա՝ մասնագետները ցանկանում են հայ ժողովրդի պատմությունը փոխել. «Այդ մասնագետներից մի քանիսի անունը տվեք»,- ասաց նա՝ հավելելով, թե այս թեմայում մասնագիտական հարց չկա, այլ քաղաքական խնդիր է։

Ռուբինյանը հիշեցրել է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ՀՅԴ միանձնյա կառավարման շրջանում կորցրել է իր տարածքների մեծ մասը, հետո՝ անկախությունը. «Փաստ ա, չէ՞։ ՔՊ-ն չէր 1920թ. կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը»։

Նա ընդդիմադիրներից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր ունեն Հայաստան բառի հետ, որ դեմ են «Հայաստանի պատմություն» անվանումով առարկային.

«Մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա։ Երբ ասում եք՝ հակադրում եք ժողովրդին պետությանը, դուք եք հակադրում, որովհետև, մեր տեսանկյունից, հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը և Հայաստանն անբաժան են։ Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից։ Ի դեպ, չի կարող լինել Հայաստանի շահ, որն անջատ է հայ ժողովրդի շահից։ Ինչո՞ւմ է խնդիրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել