ԱԺ ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու դատարան «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննեսյանի և նույն ընկերության մյուս աշխատակիցների՝ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց (Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի) խափանման միջոցը փոխելու համար։
Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ նման որոշման համար կան նաև որոշակի հանրային ազդակներ․ «Հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով: Երեկ խմբակցության նիստում քննարկել ենք: Ըստ էության, դրական ենք տրամադրված նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու հարցով»։
Միջնորդությունն, ըստ ամենայնի, պատգամավորները կներկայացնեն փետրվարի 6-ին:
Խմբակցությունում կարծում են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա: Պատգամավորների ստորագրությունները, սակայն, դեռ թղթի վրա չկան:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք խմբակցության նիստին, որում քննարկվել է միջնորդություն ներկայացնելու հարցը, ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անի Գևորգյանը նրա եղբոր կինն է, Կոնջորյանը բացասական պատասխան տվեց, Սիմոնյանը փետրվարի 5-ի նիստին ներկա չի եղել:
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին կալանավորվել են «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը և ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը։ Կալանավորվածների շարքում է նաև Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։
Քննչական կոմիտեն հունվարի 31-ին հաղորդագրություն տարածեց, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները առերևույթ չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Նախաձեռնված 2 վարույթների շրջանակում ձերբակալվել էր 7 անձ։