Ակտիվորեն քննարկվում է «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու հարցը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշել է, որ մասնագիտական շրջանակներում հարցը վաղուց է քննարկվում և ինքը դրանց արդյունքում հանգել է այն եզրակացության, որ առարկայի անվանումն ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չի։
«Առարկան պետք է ունենա կոնկրետ նպատակ։ Մենք ապրում ենք ՀՀ-ում և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը։ Կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Սա ամենևին բովանդակության մասին չէ։ Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից։ Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը։
Ամեն երկրում պատմության ուսուցանումն առաջին հերթին այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է։ Առաջնահերթ է, որպեսզի պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ։ Անկախ նրանցից՝ այդ ժամանակահատվածներում պետությունը եղել է, թե չի եղել»,-նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այսօր կան դասագրքեր, որոնք պետական մտածողության բացակայություն են սերմանում մեր աշակերտների մոտ։