Արամուսի հացատանը հրազենի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Արամուս գյուղում հունվարի 12-ի գիշերը մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Իրականացված մեծածավալ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է հետևյալը։

2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների և ծանոթների՝ թվով 8 անձանց հետ  Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։

Ժամը 20-ի սահմաններում, 53-ամյա տղամարդու և ներկաներից մեկի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։ Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ և  անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։

Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։

 Այնուհետև, 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգևատրում ստացած՝ փամփուշտներով լիցքավորված «CZ 75 SP 01 Tactical» տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։

Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը՝ ում առողջությանը պատճառվել է թեթև վնաս։

Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետևանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո, վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։

2024թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝  հունվարի 13-ին Երևան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշվում է, որ մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ Նրանցից մեկի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել