Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, շարունակվեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական քննությունը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում դատավորի կողմից հրապարակվեցին 4 տուժողների և 4 վկաների նախաքննական ցուցմունքները։
Տուժող Արտյոմ Ասրյանը 2018-ի ապրիլի 16-ին վերջինս գնացել է Բաղրամյան պողոտա՝ խաղաղ ցույցերին մասնակցելու նպատակով։ Նա նշել է, որ կանգնած է եղել Փաշինյանի մոտ, փշալարերի դիմաց։ Երբ Փաշինյանը փորձել է անցնել փշալարերը, ինքը գտնվել է նրա հետնամասում, իրենց ձախ ընկած հատվածում տեղի է ունեցել առաջին պայթյունը։ Տուժողը վնասվածքներ է ստացել ձախ ոտքի և մեջքի հատվածում, որից անմիջապես հետո հետ է քաշվել դեպի ճանապարհի ձախ կողմում կայանված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որի վրա մարդիկ են եղել բարձրացած։ Արտյոմ Ասրյանը խնդրել է, որ վերջիններս իջնեն մեքենայի վրայից։
Այդ ընթացքում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժողը վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ընթերցելիս նկատել է, որ ձախ ոտքի վնասվածքի վերաբերյալ ոչինչ նշված չէ։
Տուժող Անի Քեշիշյանը իր ցուցմունքներում նշել է, որ 2018-ի ապրիլին եղել է Բաղրամյան պողոտայում որպես «168 ժամ» լրատվականի լրագրող։ Նիկոլ Փաշինյանի՝ փշալարերն անցնելու փորձի ժամանակ նրանից մոտ 1,5 մետր հեռավորության վրա է գտնվել և նկարահանել տեղի ունեցողը։ Պայթյունի ժամանակ մի պահ կորցրել է տեսողությունը և լսողությունը։ Դրան հաջորդել են ևս մի քանի պայթյուններ, որոնց հետևանքով Քեշիշյանը վնասվածքներ չի ստացել, սակայն ներկաները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատ է, նրան տեղափոխել են բուժօգնության։ Պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են լրագրողի պարանոցն ու ազդրը։
Տուժող Նարեկ Սերոբյանը ոստիկանության զորքերի զինծառայող է եղել, 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրենց հատկացված են եղել անհատական պաշտպանության միջոցներ։ Փշալարի մոտ տեղակայվելուց մոտ 5 րոպե անց իր ձախ կողմում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ինքը կորցրել է գիտակցությունը, լսողությունը և տեսողությունը։ Սերոբյանը դուրս է եկել շարքից ու մոտեցել բուժակին։ Նա ցուցմունքով հայտնել է, որ իր ընկերը, Արմեն Բաղդասարյանը, նույնպես վիրավորված է եղել և իրենց տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։
Նա համոզված է, որ այդ ժամանակ պայթյունների ժամանակ է ստացել վնասվածքը, քանի որ դրանից առաջ պայթյուններ չեն հնչել։
Տուժող Գրետա Ասլանյանը վնասվածքներ է ստացել Արցախ-Էրեբունի փողոցների խաչմերուկում։ Այդ ժամանակ Փաշինյանի կողքին կանգ է առել մի ավտոմեքենա, որի մեջ էլ ոստիկանները նստեցրել էին Նիկոլ Փաշինյանին ու տարել։ Քայլերթի մասնակիցները փորձել են խոչընդոտել ոստիկանների գործողություններին և հենց այդ ժամանակ էլ հատուկ միջոցներ են կիրառվել։ Նա ցավեր է զգացել աջ գոտկային հատվածում։
Վկա Վ․ Գևորգյանին ոստիկանության զորքերի զինծառայող է եղել և ծառայություն է իրականացրել Բաղրամյան պողոտայում։ Այնուհետև զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը մոտեցել է նրանց ու հայտնել, որ 2 հատուկ միջոց կիրառողներ պետք է գնան Բաղրամյան պողոտայի այն հատված, որտեղ ոստիկանությունն արգելապատնեշ է կառուցել ցուցարարների առաջխաղացումը կանխելու նպատակով։ Այդ ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչից հետո ցուցարարները ճեղքել են արգելապատնեշն ու առաջ անցել։ Այնուհետև ցուցարարները փորձել են անցնել փշալարերի վրայով։ Այդ ժամանակ Գևորգյանը կանգնած է եղել Լևոն Երանոսյանի կողքին, որն էլ հրամայել է հատուկ միջոցներ կիրառել։ Լսելով հրամանը ծառայողներից Արազ Ավետիսյանը պայուսակի միջից հանել է լուսաձայնային նռնակը, որպեսզի կիրառի, սակայն Երանոսյանը վերցրել է նռնակն ու անձամբ նետել ցուցարարների ուղղությամբ։
Վկան հայտնել է, որ դրանից հետո Լևոն Երանոսյանը կարգադրել է կիրառել «Սմերչ» տեսակի լուսաձայնային հատուկ միջոց։ Քանի որ ծառայողները ինքնաձիգն ու փողատակի նռնականետը թողել էր մեքենայում, գնացել է, վերցրել այն ու ԱԺ շենքի մոտ, ցուցարարներից որոշակի հեռավորության վրա կրակ է արձակել։
Ապրիլի 22-ին վերջինս իրեն տրված հրամանի համաձայն գնացել է Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկ։ Հրաման են ստացել փակել խաչմերուկը, որպեսզի ցուցարարները չկարողանան գնալ դեպի Էրեբունի փողոց։ Այնուհետև նկատել են Փաշինյանին՝ շարժվող երթի հետ միասին, որի ժամանակ էլ ոստիկանները նրան նստեցրել են ավտոմեքենան ու հեռացրել։ Դրանից հետո խառնաշփոթ է սկսվել։ Հրամանատարը նրան կարգադրել է նստել մարտական մեքենայի մեջ ու հենց մեքենայի միջից կիրառել «Սմերչ» տեսակի հատուկ միջոց։ Այդ ժամանակ լուսաձայնային նռնակներ են կիրառվել։ Հրաման չստանալուց հետո դուրս է եկել մեքենայից, շարժվել դեպի արգելապատնեշը, որտեղ էլ նկատել է Լևոն Երանոսյանին, նրա ձեռքին լուսաձայնային նռնակ է եղել։ Վերջինս գնացել է «Իդեալ» խանութի հետնամաս, որտեղ մարդկանցից հեռու, չեզոք վայրում նետել է նռնակը։
Վկան նշել է նաև, որ Արցախի պողոտայում հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն եղել է, քանի որ ցուցարարներն ամեն կերպ դիմադրել են ոստիկաններին․ «Հատուկ միջոց չկիրառելու դեպքում հնարավոր է չհաջողվեր բերման ենթարկել Նիկոլ Փաշինյանին»։
Վկա Երջանիկ Երանոսյանը, ով նույնպես ոստիկանության զորքերի զինծառայող է եղել, թե Բաղրամյանի, թե Արցախի պողոտայի դեպքերի ժամանակ մշտապես եղել է Լևոն Երանոսյանի կողքին։ Նա հայտնել է, որ ոստիկանների և ցուցարարների միջև բախման ժամանակ Երանոսյանին քարով հարված է հասցվել․ «Այդ ընթացքում աշխատել եմ մնալ նրա կողքին և անհրաժեշտության դեպքում պաշտպանել»։
Լուսաձայնային նռնակների կիրառությունից հետո իրավիճակը հանդարտվել է։ Վկան Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոց կիրառելու մեկ դեպք է տեսել, Բաղրամյան պողոտայում։ Արցախի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ուշադիր չի եղել։
Վկա Տիգրան Մանթաշյանը եղել է ոստիկանության զորքերի վաշտերից մեկի հրամանատարը։ Նա նույնպես այդ ընթացքում եղել է Լևոն Երանոսյանի կողքին, շրջել նրա հետ։ Վկան հաստատել է, որ Բաղրամյան պողոտայում Երանոսյանի կողմից հատուկ միջոց է կիրառվել։ Նռնակներից մեկը նա նետել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ևս մեկ նռնակ դեպի ճանապարհի ձախ կողմը, որտեղից իրենց ուղղությամբ քարեր են նետվել։ Այդ ժամանակ Լևոն Երանոսյանին աղյուսով հարված են հասցրել, որից հետո նա ևս մեկ նռնակ է նետել։
Արցախի պողոտայում վկան տեսել է, որ Երանոսյանը 1-2 նռնակ է նետել ցուցարարների ուղղությամբ․ «Երանոսյանը նռնակները վերցրել է դիմակավորված ծառայողից, որին չեմ ճանաչում»։
Վկա Գրիգոր Ավետիսյանը նա ևս եղել է ոստիկանության զորքերի վաշտերից մեկի հրամանատարը։ Վերջինս Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին չի մասնակցել, քանի որ ստացիոնար բուժում է ստացել «Էրեբունի» ԲԿ-ում։ Մասնակցել է Արցախ-Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձություններին։ Նրա ենթակաները զինված չեն եղել, բացառությամբ՝ լուսաձայնային հատուկ միջոցների։ Ոստիկանական ուժերի բոլոր գործողությունները ղեկավարել է Լևոն Երանոսյանը։
Երբ ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ մոտեցել են պատնեշին, իրարանցում է սկսել և այդ ժամանակ Լևոն Երանոսյանը հրամայել է նրան զորքն առաջ տանել, որպեսզի կանխեն ժողովրդի առաջ գալը։ Այնուհետև պայթյուններ են լսվել, հայտնի է դարձել, որ կիրառվում են լուսաձայնային հատուկ միջոցներ․ «Առաջին պայթյունից հետո ցուցարարները հետ են քաշվել։ Դրան հետևել են ևս 4 պայթյուններ»։
Գրիգոր Ավետիսյանը հայտնել է, որ հատուկ միջոցներ կիրառելու հրամանը տվել է Լևոն Երանոսյանը և ինքն էլ կիրառել է հատուկ միջոցներ, որի մասին իմացել է Հակոբ Մեսրոպյանից, ումից էլ Երանոսյանը վերցրել է նռնակները։
Հակոբ Մեսրոպյանն Ավետիսյանին հայտնել է նաև, որ Երանոսյանի կողմից կիրառվել են նաև 5 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ։
Դատավորը հայտարարեց, որ հարցաքննությունները համարում է ավարտված։ Հաջորդ դատավարական գործողությունը ամբաստանյալի հարցաքննությունն է։
Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց՝ դեռ չեն որոշել Լևոն Երանոսյանը ցուցմունք տալո՞ւ է դատարանում, թե ոչ․ «Կխնդրեի հաջորդ դատական նիստը սկսելուն պես հարցին անդրադառնալ»։
Նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 23-ին։
Եվգենյա Համբարձումյան