Հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և խոսքով է հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-Ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսին, որին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և այլոք: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել շատ կարևոր հոբելյանի՝ թանգարան-ինստիտուտի 9-ամյակի կապացությամբ և թույլ տվեք շնորհավորել նաև Կոմիտասի ժառանգության միջազգային ճանաչման հերթական կարևորագույն հանգրվանի կապակցությամբ: Ինչպես արդեն նշվեց, հարգելի գործընկերներ, 2023թ. մայիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը կարևոր որոշում կայացրեց՝ հաստատելով Հայաստանի ներկայացրած հայտը և գրանցելով Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։
Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2019թ., երբ տոնվում էր Կոմիտաս Վարդապետի 150-ամյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց հոբելյանների ցանկում ընդգրկվեց այս կարևոր հոբելյանը, և աշխարհով մեկ այդ նշանակալից հոբելյանը մեծ շուքով նշվեց:
Թույլ տվեք նշել, որ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանությանը և լայն տարածմանը: Մինչ այդ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուն:
Այսօր Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է, ինչպես արդեն նշվեց, թանագարան-ինստիտուտի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արտաքին գործերի նախարարության միջև:
Օգտվելով առիթից, թույլ տվեք նաև նշել, թե 2023թ. մեր գործընկերների և Արտաքին գործերի նախարարության կողմից ինչ աշխատանքներ են տարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությամբ: Նոյեմբերի 9-ին արտաքին գործերի նախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին, և այստեղ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն գործուղելու հարցը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթական կարիքները հասցեագրելու նպատակով նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է հրատապ առաքելության ծրագիրը՝ ուղղված փախստական երեխաների կրթության գործընթացում ներառմանը և նրանց բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը:
Ինչպես գիտեք, Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են 2024-2025թթ. Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Տիկին նախարարն արդեն նշեց, որ գրանցվել է դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն և մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրին և Որոտան գետի կիրճին, հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը»:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Հազար ու մի երգ հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը: Միջոցառման ավարտին մասնակիցները շրջայց են կատարել նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: