Քննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման վերաբերյալ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկված առցանց հարթակի աշխատանքները, որի նպատակը կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտումն ու ուղղորդումն է:

Կարևորելով խնդիրը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթական համակարգում  յուրաքանչյուր երեխայի լիարժեք ներգրավման հարցը պետության առաջնային խնդիրն է։  Նրա խոսքով՝ այս հարցում անելիքներ ունեն պետական մի շարք կառույցներ, և համագործակցված աշխատանքը չափազանց կարևոր է․

«ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որի կիրառման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ։ Նմանօրինակ հանդիպումները, կարծում եմ, արդյունավետ կլինեն՝ հստակեցնելու համար յուրաքանչյուր գերատեսչության անելիքներն ու քայլերի հաջորդականությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ վերջերս հրապարակված մարդահամարի և կրթության համակարգում փաստացի ներգրավված երեխաների տվյալների համադրումը և վերլուծությունը ցույց են տալիս, որ հիմնականում երեխաները կրթությունից դուրս են մնում հանրակրթության մեկնարկի փուլում։ Բավական մեծ է այն ծնողների թիվը, որոնք խուսափում են երեխային առաջին դասարան տանել 6 տարեկանում՝ պատճառաբանելով՝ իբր երեխան դեռևս պատրաստ չէ դպրոց հաճախել։ Նման մոտեցումը չի բխում երեխայի շահից և հետագայում երեխայի զարգացման ու կրթություն ստանալու տեսանկյունից առաջ է բերում բավականին լուրջ հարցեր: Նախարարը նշել է, որ այս խնդիրը լուծելու համար պետք է մշակել գործուն իրավական մեխանիզմներ:

Մյուս խնդիրը պայմանավորված է 9-րդ դասարանից հետո որոշ դեռահասների կրթությունը չշարունակելու հանգամանքով։ «Այստեղ ևս մենք պետք է հասկանանք համագործակցության արդյունավետ ձևերը, որոնցով հնարավոր կլինի ուղղորդել երեխաներին շարունակել կրթությունը և ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված 12-ամյա պարտադիր կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ լինում են  իրավիճակներ, երբ ծնողները չեն կարևորում երեխաների պարտադիր 12-ամյա կրթություն ստանալու օրենսդրական պահանջը, ուստի խնդրի լուծման համար պետք է համակարգային մոտեցում որդեգրել: Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այստեղ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները տարբեր են՝ սկսած դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումից, ստացված տվյալների անհամապատասխանությունից, ենթակառուցվածքների անհասանելիությունից՝ մինչև բնակության վայրի փոփոխություն և սոցիալական դժվարին պայմաններ։ «Համատեղ համագործակցության արդյունքում պետք է գնահատենք պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ընտանիքների կարիքները, այնուհետև իրականացնեք համապատասխան աշխատանքներ՝ երեխաներին դպրոց ուղղորդելու ուղղությամբ»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը  ներկայացրել է փետրվարի 1-ից գործարկվող Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգը, որով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի կլինեն նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը:

Ամփոփելով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման ուղղությամբ համակարգային փոփոխություններ են նախատեսվում, որոնց իրագործումը պահանջում է համագործակցված աշխատանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել