Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ:
Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը հանդիսանում է զանցանք, և նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածում, որի 1-ին մասին համաձայն՝ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10.000 ՀՀ դրամ):
Նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այդ զանցանքի քննությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը: Ավելին, այդ գործերը պետք է քննվեն 1 օրվա ընթացքում՝ ըստ դրանց կատարման վայրի կամ ըստ խախտողի բնակության վայրի:
Քննարկվող զանցանքը ներառված է «Հասարակական կարգի դեմ ոտնձգող իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլխում, հետևաբար այդ զանցանքի օբյեկտը հասարակական կարգը պաշտպանող հարաբերություններն են, և իրավախախտը դիտավորյալ պետք է ոտնձգի հասարակական կարգի դեմ: Միևնույն ժամանակ զանցանքի հաստատման համար պարտադիր պետք է հիմնավորվի երկու պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1) ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կ ա մ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը («կամ» շաղկապով տարանջատված են այլընտրանքային դրսևորման երկու ինքնուրույն եղանակներ, որոնցից մեկնումեկի առկայությունը բավարար է զանցանքի համար),
2) դա պետք է արտահայտվի հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով:
Պայմաններից որևէ մեկի բացակայությունը հանգեցնում է զանցանքի բացակայության: Հետևաբար, եթե անձը փողոցում ոգելից խմիչք է օգտագործում, սակայն դա չի արտահայտվում հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, ապա նրա արարքում չկա զանցակազմ: Այսինքն՝ այն անձը, ով լոկ ոգելից խմիչք է օգտագործում հասարակական վայրում կամ հայտնվում է ոչ սթափ վիճակում հասարակական վայրում այդ արարքով որևէ զանցանք չի կատարում: Այդ արարքը կարող է վերաճել զանցանքի միայն այն դեպքում, եթե արտահայտվի հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով:
Վերը նշված կարգավորումը հավասարապես տարածվում է ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ:
Հ.Գ. Խտրականություն դրսևորելը և կամայական մոտեցմամբ օտարերկրյա քաղաքացուն մեղադրելը՝ նրա արարքի մեջ զանցանքի բացակայության դեպքում, անթույլատրելի է»: