Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:
Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:
Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում»,- հայտնել է նա: