Տնտեսվարողները պետք է տեղացած ձյան ամենօրյա մաքրում իրականացնեն, այլապես կտուգանվեն

Երևանում 2010 թվականի հունվարի 7-ից գործող ավագանու որոշման համաձայն՝ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգում պետք է իրականացնի։

Iravaban.net-ը հայտնում է, որ պարտադիր բարեկարգման աշխատանքներից են նաև

1) անշարժ գույքի արտաքին մասի պատշաճ պահպանման, այդ թվում` լվացման, և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման, բարեկարգման (սալիկապատման կամ ասֆալտապատման) աշխատանքները և մաքրության պահպանումը.

2) կանաչապատման համար նախատեսված տարածքների, սիզամարգերի, բուսածածկերի կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը.

3) անհրաժեշտ լուսավորություն` անշարժ գույքի մուտքի համար.

4) շենքերին ու շինություններին հարակից բակային տարածքների պարբերաբար մաքրումը և կանաչապատում և այլն։

Սեփականատիրոջը կամ տիրապետողին պահանջներ են ներկայացվում, որոնք վերջիններս պետք է կատարեն։ Այդ պահանջներից են․

1) Խանութների, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և այլ նմանատիպ օբյեկտների ցուցափեղկերը պետք է սարքավորված և ձևավորված լինեն պատշաճ ձևով և շահագործվեն սահմանված պահանջներին համապատասխան.

2) մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները.

ա. ապահոված լինի տեսանելի մաքրությունը (փոշուց, աղբից, տերևներից և այլն) և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը, ընդ որում` մաքրման աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 09.00-ն և երեկոյան ժամը 18.00-ից մինչև 19.00-ն.

բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը` տեղումները դադարելուց 4 ժամ հետո կամ մինչև առավոտյան ժամը 11.00-ն, եթե ձյունը դադարել է նախորդ երեկո ժամը 21.00-ին և դրանից հետո.

գ. ձյան տեղումների ընդհատման ընթացքում մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և (կամ) սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրվեն ձյան և սառույցի կուտակումներից.

դ. ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում, կամ ճամփեզրին.

ե. ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձնից և սառույցից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ հոդվածով սահմանված են ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու համար նախատեսված տուգանքները, որոնց համաձայն՝

1. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000-20․000 դրամի չափով։

2. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000-20․000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել