Մենք պետք է որոշում կայացնենք, պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն․ Անահիտ Ավանեսյան

44-օրյա պատերազմից հետո կան մասունքներ, որոնք նույնականացվել են, բայց զինծառայողների հարազատները չեն համաձայնում և այդ մասունքները հուղարկավորված չեն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին։

«Համակարգված աշխատանքներ ենք տանում՝ ամփոփելու այս գործընթացը։ Ցավոք, ունենք մասունքներ, որոնք որ մի քանի անգամ փորձաքննվել են և արդյունքները մշտապես նույնն են եղել։ Փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում։ Մենք պետք է որոշում կայացնենք, որովհետև անգամ սառնարանային պայմաններում տարիներով պահպանել մասունքները որևէ առումով ճիշտ չի և պետք է հուղարկավորություններն իրականացվեն»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ միջգերատեսշաչակն հանձնաժողովը՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները, կորոշի հուղարկավորությունների տարբերակները և կհրապարակի։

Նախարարն ընդգծեց, որ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն և հողին կհանձնի այդ մասունքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել