Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանն ու կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին արտասահմանյան լրագրողների համար առցանց ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ իրենք շատ ոգևորված են, որ Երևանն ու Բաքուն շարունակում են երկկողմ ամուր օրակարգ ունենալ և լուծել միմյանց միջև մնացած խնդիրները։

«Դեռևս աշխատանք կա կատարելու, և մենք ուրախ կլինենք աջակցել, որքանով որ կկարողանանք օգտակար լինել։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսությունից մինչև անվտանգություն և քաղաքական կապեր, ուստի կցանկանայինք, որ երկուսն էլ օգուտ քաղեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ նպատակով առավել ընդունելի տարբերակով: Սա իրենց ժողովուրդների համար ավելի շատ արդյունքներ ապահովելու ևս մեկ հիանալի հնարավորություն է երկու կառավարությունների համար»,- ասել է Օ’Բրայենը:

Հայաստանում կատարվող բարեփոխումների օրակարգը, ամերիկացի պաշտոնյայի բնորոշմամբ, շատ տպավորիչ է։

«Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, և կարող եմ ասել, որ երկիրը ցանկանում է դեր խաղալ տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում։ Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը միայն կնպաստի այդ ծրագրերին: Այժմ մենք կցանկանայինք երկու երկրների հետ քննարկել մեր օրակարգային բոլոր հարցերը՝ սկսած կալանքի տակ գտնվող որոշ մարդկանց հետ կապված մեր մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր, շատ հագեցած օրակարգ կունենանք առաջ ընթանալու դեպքում, և այս ամենը՝ երկու երկրների միջև կայուն, արժանապատիվ խաղաղությունը խրախուսելու նպատակով»,- եզրափակել է Օ’Բրայենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել