Գործադիրը հավանություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումն է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձևերի և մեթոդների արդիականացումը, ինչպես նաև մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը` շահումով խաղերի կազմակերպման և անցկացման ծրագրային և տեխնիկական միջոցների, խաղի կանոնների և պայմանների նկատմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին համապատասխանության մասով վերահսկողության իրականացման միջոցով:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախագծերի փաթեթով 2 մեծ նպատակ է առանձնացրել. «Առաջին՝ թափանցիկության ապահովումն է. այսինքն՝ խաղային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանառության նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, օնլայն ռեժիմով: Երկրորդ՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է: Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ»:
Ըստ Ռուստամ Բադասյանի՝ սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից. «Օպերատորը սահմանում է Կառավարությունը մրցութային կարգով, և բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին: Մոնիթորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք օնլայն ռեժիմով կատարված խաղադրույքի, ստացված շահման և մնացած այլ տեղեկատվության մասին: Հաջորդ կարգավորումը, որը սահմանվել է, այն է, որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը ՀՀ տարածքում: Այս մասով ևս մշակված են միջոցառումներ՝ ինչպես պրակտիկայում դա բացառել»:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ հաջորդ նորամուծություններից մեկն այն է, որ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: «Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում, երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն: Եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումը և չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, ապա օրենքի կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի ստուգել»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
Նշվել է նաև, որ օրենքով ներդրվող պատասխանատու խաղի միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են դրվում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին: Ընդ որում՝ խոսքը օնլայն և կենդանի մոլեխաղերի մասին է: «Չեն կարող մասնակցել՝ 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորման կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորմամբ որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են: Դրանք արդեն օրենքում սահմանված են, բայց եթե կառավարությունը հետագայում որոշի որևէ սոցիալական խմբի սահմանափակել, մոնիթորինգային կենտրոնի և միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է հեշտությամբ դա իրականացնել»,-նշել է Ռուստամ Բադասյանը:
Վարչապետի այն հարցին, թե ինչպես է վերահսկվում, որ ընտանեկան կամ աղքատության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացին խաղադրույք չկատարի, ՊԵԿ նախագահը պարզաբանել է, որ այն իրականացվելու է միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Ռուստամ Բադասյանի խոսքով, օպերատորը ստուգում է, որ միջազգային լաբորատորիայի կողմից խաղային արտադրանքը լինի սերտիֆիկացված և միացնում է այդ խաղային արտադրանքը մոնիթորինգային կենտրոնին: «Եթե քաղաքացին մոտենում է, օրինակ, խաղատուն, խաղի կազմակերպիչը, այսինքն՝ խաղատան գործունեություն իրականացնողը պարտավոր է նույնականացնել անձին, և երբ էլեկտրոնային համակարգ մուտք է արվում անձի տվյալները, էլեկտրոնային համակարգում կերևա, որ նա կառավարության շահառու է այսինչ ծրագրի շրջանակում: Բնականաբար, մուտքը կարգելվի: Իսկ օնլայն հարթակում, երբ խաղային հաշիվ բացվի, նույնը կիրականացվի օնլայն համակարգի միջոցով»,-ասել է ՊԵԿ նախագահը և հավելել, որ քննարկվել է նաև միջազգային պրակտիկայում առկա ալգորիթմային մի մոտեցում, որի դեպքում ցանկացած անձ՝ անկախ որևէ սոցիալական խմբի շահառու լինելու, կարող է սահմանափակվել:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր հերթին առաջարկել է որոշակի խումբ անձանց սահմանափակման շրջանակում դիտարկել նաև զինծառայողների մասնակցությունը սահմանափակելու հարցը: Վարչապետը նշել է, որ այդ առաջարկությունը կարելի է դիտարկել:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «90 տոկոս շահում» կանոնին և հետաքրքրվել, թե արդյոք դա միջազգային ստանդարտ է և նշանակում է, որ խաղատները կամ օնլայն հարթակները պետք է կատարված խաղադրույքների 90 տոկոսը տարբեր շահումների տեսքով վերադարձնեն մարդկանց: Այս հարցի կապակցությամբ, Ռուստամ Բադասյանը նշել է. «Այո, սա միջազգային պրակտիկայում ընդունված կանոն է, բայց սա վերաբերում է յուրաքանչյուր խաղային արտադրանքին: Եվ շատ կարևոր է նկատի ունենալ, որ այն սահմանափակված է որոշակի ժամանակահատվածի մեջ: Այսինքն՝ անպայման չէ, որ ամեն օր, ինչքան խաղադրույք արվում է, դրա 90 տոկոսը հետշահում դրվի: Դա ծրագրավորվում է համապատասխան խաղային արտադրանքի մեջ, օրինակ, եթե կենդանի խաղ է, խաղային ապարատ է, այդ ծրագրավորումը կատարվում է խաղային ապարատի ներսում, բայց որպեսզի սպառողը խաբված չլինի, սերտիֆիկացվում է լաբորատորիայի կողմից: Եթե ալգորիթմն այնպես է դրված, որ որոշակի ժամանակահատվածում 90 տոկոսը պետք է հետ տրվի խաղացողներին՝ այդ խաղային արտադրանքներից օգտվողներին, դա արդեն ստուգված կլինի և սերտիֆիկացված կլինի, և մենք մոնիտորինգային կենտրոնում դա դիտարկելու հնարավորություն կունենանք»:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել համապատասխան միջոցառումների իրականացումը, որպեսզի համակարգը ժամանակին և պատշաճ սկսի աշխատել: