Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) շուկայում որակական վերահսկողության նպատակով 2023 թվականին հավատարմագրել է թանկարժեք մետաղների լաբորատորիա, 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել և հավատարմագրել խաղալիքների լաբորատոր սարքավորումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն՝ ամփոփելով 2023 թվականին իրականացված աշխատանքները:
Նա նշեց, որ ռիսկերի նվազեցման նպատակով հավատարմագրվել է նաև նավթամթերքի լաբորատորիան, ինչի արդյունքում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում նվազել են անվտանգության ցուցանիշների խախտման դեպքերը: Մասնավորապես՝ ավտոմոբիլային բենզինի անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարար կշիռը ընդհանուր իրականացված փորձաքննությունների մեջ 2023 թվականին կազմել է 2% (166 փորձանմուշից՝ 3-ում): Դիզելային վառելիքի մասով՝ 38% (92 փորձանմուշից՝ 35-ում):
««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ, ըստ որի՝ թերլցման դեպք հայտնաբերելու դեպքում ՇՎՏՄ–ն մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր, որը սպառողին հնարավորություն կտա պարզել տվյալ լցակայանում անցկացված բոլոր ստուգումները»,- նշեց Կոտոլյանը:
Նա ընդգծեց, որ ՇՎՏՄ-ն 2023 թվականին 10 տնտեսվարող սուբյեկտների մոտ լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների վրա 1 ամսով արդեն փակցրել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» 19 ցուցանակ: Ինչպես նաև ՇՎՏՄ-ն ձեռք է բերել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի չափանոթներ, բարձր ճնշման բնական գազի բալոններ և համապատասխան կշեռքներ հեղուկացված ածխաջրածնային գազերի փորձանմուշ վերցնելու, ինչպես նաև քաշը որոշող համապատասխան սարքեր, որոնք արդեն իսկ ստուգաչափվել են: Ըստ նրա՝ այս չափման միջոցների կիրառման արդյունքում նվազել են ստուգումների իրականացման ժամկետները:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում անվտանգության ցուցանիշների նկատմամբ վերահսկողությունը սկսել է իրականացվել 2021 թվականի հոկտեմբերից: 2023 թվականի ընթացքում ստուգումներ են իրականացվել 14 տնտեսվարող սուբյեկտի մոտ և վերցված 14 փորձանմուշներից 2-ում են (14%) հայտնաբերվել են խախտումներ:
«Հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում 2023 թվականին իրականացվել է չափագիտական կանոնների և նորմերի 56 ստուգում, ինչի արդյունքում 32-ի մոտ հայտնաբերվել է խախտում: Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում 2023 թվականին իրականացվել է չափագիտական կանոնների և նորմերի 68 ստուգում, ինչի արդյունքում 46-ի մոտ հայտնաբերվել է խախտում:
Ռիսկերի նվազեցման նպատակով ձեռք է բերվել հեղուկացված ածխաջրածնային գազերի լաբորատոր սարք (խրոնոգրաֆ): Ներկայումս աշխատանքներ են տարվում հեղուկացված ածխաջրածնային գազերի լաբորատորիայի հավատարմագրման ուղղությամբ»,- նշեց նա:
Կոտոլյանն ընդգծեց՝ 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է եղել իրականացնել թվով 573 ստուգում, որից փաստացի իրականացվել է 535-ը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 82 ստուգում, դիմում-բողոքների հիման վրա՝ 41, այլ պետական մարմիններից ստացված գրությունների հիման վրա՝ 36 ստուգում: Ընդհանուր իրականացվել է 694 ստուգում, որից հայտնաբերված խախտումների թիվը կազմում է 496 (71.5%):
Ըստ նրա՝ 2023 թվականի ընթացքում խախտումների հիմքով նշանակված տուգանքի չափը կազմել է 207 579 000 ՀՀ դրամ:
ՇՎՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում 32 ոլորտներում, մասնավորապես՝ խաղալիքների, ավտոգազալիցքավորման ճնշակայաններ, չափումների միասնականություն, ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք, հեղուկացված ածխաջրածնային գազեր, օծանելիք և կոսմետիկ արտադրանք, Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք, թանկարժեք մետաղների ոլորտ, ծխախոտային արտադրատեսակների ոլորտ և այլն: Տեսչական մարմնի նպատակն է նշված բնագավառներում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը: