Այո, Արդարադատության նախարարությունը դուրս է գալու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հարուցող ֆունկցիայից։ Այս մասին 2023-ն ամփոփող ասուլիսի ժամանակ, Iravaban.net-ի հարցին ի պատասխանել հայտնել է նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ։ Այն բաղկացած է լինելու 11 անդամից, որից վեցը՝ դատական համակարգից, հինգը՝ ՔՀԿ սեկտորից։
Նախարարի խոսքով՝ երկար տարիներ իրար հետ աշխատող դատավորները «իրար հարազատ դառնալու արդյունքում» չեն կարողանում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք հանրությունը օբյեկտիվ կգնահատի․ «Նաև շատ կարևոր փոփոխություն ենք իրականացրել․ չթողնել գործող փաստաբանին լինել դատավորի դեմ որոշում կայացնող։ Դասական շահերի բախում էր»։
Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի վերջին կառավարությանն է ներկայացվել հանձնաժողովի եւ խորհրդի հետ համատեղ պատրաստված Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը։ Նախագծի մի մասը հաստատել է հանձնաժողովը , մյուսը՝ խորհուրդը։
«Այս ամիս կսկսվի քննարկումը, ինչից հետո հանրությանը կներկայացվի, թե ինչ է այդ հայեցակարգը»,- նշել է Մինասյանը։
Նախարարը հավաստիացրել է, որ բոլոր հարցերը լուծվում են բաց, թափանցիկ քվեարկությամբ, եւ չկա հարց, որը կանցնի մեկ-երկու ձայնով, ինչը նշանակում է, որ նախագիծը լինելու է կոնսենսուսային, ընդհանուր հայտարարով հանրային սեկտորի հետ, ներկայացված հանձնաժողովի կողմից։ Սա շատ կարեւոր է՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, ավելացրել է արդարադատության նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։