Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։
Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռին, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և պահանջել է արդարացնել իրեն։
Այնուհետև խոսել է հենց ինքը՝ Վագիֆ Խաչատրյանը՝ ասելով, որ ինքը և իր պաշտպանը վերաքննիչ բողոք են ներկայացրել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցման՝ Խաչատրյանը նշել է․
«Ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։ Խնդրում եմ ազատել ինձ»։
Պետական մեղադրող Տարանա Մամեդովան խնդրել է չբավարարել բողոքը։
Դատավարությունը կտևի մինչեւ հունվարի 15-ը։
Հիշեցնենք, որ 2023թ․-ի նոյեմբերի 7-ին Վագիֆ Խաչատրյանը Բաքվում շինծու գործով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման «ցեղասպանություն իրականացնելու համար» (չակերտները՝ Iravaban.net-ի)։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։