Վերաքննիչ դատարանում արդեն իսկ մեկնարկել է Քաղաքաշինության նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննելու է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։ Նախագահող է նշանակվել Կարեն Ամիրյանը, կազմում են Մեսրոպ Մակյանը և Արմեն Հովհաննիսյան։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որից մեկը վերաբերում է կաշառք ստանալուն։
Ըստ գործի նյութերի՝ Վերմիշյանին իր մտերիմ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից, խորհրդական Նատալիա Չեռնիկովային պատկանող առանձնատան կառուցման համար 899.600 ՀՀ դրամ արժողությամբ եվրոպատուհաններ և 204.000 ՀՀ դրամ արժողությամբ եվրոդռներ, իսկ հետագայում՝ նաև առանձնատան ցանկապատի հիմքի կառուցման համար անհրաժեշտ է բետոնի մատակարարում։
Ըստ մեղադրանքի՝ պահանջներն ընդունվել են Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի կողմից և որպես կաշառք պահանջված հիշյալ գույքը մաս-մաս՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 24-ը, Վազգեն Պողոսյանը՝ դստեր ամուսնուն պատկանող ընկերության միջոցով առանց որևէ վճարի տեղափոխել և տեղադրել է եվրոպատուհաններն ու եվրոդռները։
Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին Գագիկ Գալստյանը իր կազմակերպության միջոցով կազմակերպել և ապահովել է ապրանքանյութական արժեք հանդիսացող բետոնի մատակարարումը Նատալիա Չեռնիկովային պատկանող առանձնատան տարածք՝ այդ կերպ նախնական համաձայնությամբ Վահագն Վերմիշյանին տալով առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ ընդհանուր 2.379.950 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար և 1.294.248 դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ:
Ըստ դատախազության՝ Վահագն Վերմիշյանը, բարենպաստ որոշումների կայացմանը նպաստելու համար, հարմար առիթն օգտագործելով, Ռազմիկ Խուրշուդյանի մոտ խոսակցություն է ծավալել իր մտերիմի՝ Նատալիա Չեռնիկովայի առանձնատան ցանկապատի հիմքի կառուցման համար օգտագործված բետոնի՝ իբր անորակ լինելու և այն կառուցապատման համար պիտանի չլինելու վերաբերյալ՝ այդ կերպ Ռազմիկ Խուրշուդյանին քողարկված եղանակով հասկացնելով, որ ինքն ունի որակյալ բետոն ձեռք բերելու անհրաժեշտություն։
«Ռազմիկ Խուրշուդյանը լսելով այդ մասին և հասկանալով, որ իր կառույցի օրինականացման գործընթացի հետ կապված ինքն արդեն իսկ կախվածության մեջ է գտնվում Վահագն Վերմիշյանից, իր ներկայացրած խնդրին լուծում տալու անհրաժեշտությամբ պայմանավորված, անձամբ պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է առանց գումարի, իր միջոցներով կազմակերպել ընդհանուր 24 խմ ծավալով և 571,920 ՀՀ դրամ արժեքով «150 մարկայի բետոնի մատակարարումը Նատալյա Չեռնիկովայի առանձնատուն, այդ կերպ՝ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու առաջարկ անելով, մասնավորապես պաշտոնատար անձին առաջարկել է այլ անձի համար գույք՝ իր օգտին նրա կողմից որևէ գործողություն կատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողության կատարմանը նպաստելու համար, իսկ Վահագն Վերմիշյանը ընդունել է կաշառքի տեսքով 571,920 (հինգ հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ արժողությամբ 24 խմ ծավալով բետոն մատակարարելու առաջարկը:
Այսինքն, Վահագն Վերմիշյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը)»,-նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանին։
Iravaban.net-ի հետ զրույցում Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուոբաևը նշում է, որ իրականությունը տարբերվում է մեղադրական եզրակացությունից։ Նշված առանձնատան համար արդեն իսկ ցեմենտ-բետոն պատվիրված եղել է, սակայն անորակ է եղել։ Վահագն Վերմիշյանը փնտրել է որակովը ու այդ նպատակով դիմել է իր ծանոթներին։
«Այս գործով կան նաև գաղտնալսումներ։ Դրանում Վերմիշյանը խոսում է Գագիկ Գալստյանի հետ ու հստակ ասում՝ ինձ հարկավոր է ցեմենտ և բետոն։ Ասում է նաև՝ Գագիկ, անպայման գումարով, խնդրում են նախահաշիվ կազմեք, ուղարկեք։ Սա է իրականությունը, սա է եղել ամբողջ խոսակցությունը»,-նշում է Կոչուբաևը։
Դատախազության կարծիքով՝ Գագիկ Գալստյանը և Վազգեն Պողոսյանը Վերմիշյանին անհրաժեշտ ամեն ինչ տրամադրել են՝ հետագայում պետական «ատկատներ» ստանալու նպատակով․ «Սակայն Քաղաքաշինության կոմիտեն ինքնուրույն որևէ տենդեր չի իրականացնում»։
Փաստաբանը պնդում է՝ այս մեղադրանքներով փորձ է արվել վարկաբեկել Վահագն Վերմիշյանի անձը։ Նրան նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ «Սա մեղադրանքի կողմի բերած «զուգարանի թղթերի» մեջ, ռուլոնի մեջ առկա փաստական տվյալ է։ Նրանք այն աստիճան գործից անտեղյակ են, այնքան են վստահ եղել, որ Մնացական Մարտիրոսյանը դակելու է»։
Կոչուբաևը նշում է նաև, որ գործում առկա է հաշիվ-ապրանքագիր, որը հավաստում է վճարումների իրականացված լինելու մասին։
Վկա Սամվել Խաչատրյանը հայտնել է, որ Վահագն Վերմիշյանին ճանաչում է 2018 թվականից, նրա հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ: 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերջինս խնդրել է գումարի դիմաց կառուցել Նատալյա Չեռնիկովային պատկանող առանձնատան պարիսպները:
Դատարանում հայտնել է, որ հարգանքից ելնելով՝ համաձայնվել է: Կատարած աշխատանքի և ծախսերի վերաբերյալ կազմել է նախահաշիվ և ներկայացրել Վահագն Վերմիշյանին, որում իր ծախսերը կազմել են մոտ 2.200.000 ՀՀ դրամ: Պարսպի կառուցման ժամանակ իրեն զանգահարել է Ռազմիկ Խուրշուդյանը՝ բետոն մատակարարելու համար, սակայն հետագա ընթացքը չի հիշում: Առանձնատան շինարարական աշխատանքներից տեղեկություններ ստանալու, Շահումյանի գյուղապետի բջջային հեռախոսահամարն իմանալու համար, քրեական գործի հարուցումից շուրջ 10 օր անց հանդիպել է Նատալյա Չեռնիկովային, ով պատմել է, որ պարտքերը մարել է, վճարել է եվրոդռների ու եվրոպատուհանների տեղադրման համար նախատեսված գումարը, որից հետո ինքն ամաչել է իր մատուցած ծառայությունների գումարը խնդրել, քանի որ Վահագն Վերմիշյանը պարտավորվել էր անձամբ վճարել դրանք:
Դատարանում Վահագն Վերմիշյանը հայտնել է, որ հրաժարվում է նախաքննական առաջին ցուցմունքից, քանի որ այն գրել է քննիչի կողմից իրեն հոգեբանորեն ճնշելու, նրա հորդորների և խաբեության հետևանքով: Իրեն վերագրվող հանցանքները չի կատարել, իրեն մեղավոր չի ճանաչում, իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Իրեն տրամադրված բետոնի վերաբերյալ հայտնել է, բազմիցս նշել է, որ բետոնի համար ինքն է վճարելու, իրեն անվճար տրամադրված բետոն պետք չէ:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։