«Հայը կա» հասարակական կազմակերպությունը «Կենաց տուն» ՀԿ-ի և «Միհր վոյաժ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացնում է «Հայկական Ամանոր» ծիսական տոնավաճառ-փառատոն միջոցառումների շարքը, որի հիմքում ազգային Ամանորի տոնածիսական գաղափարն է։
«Հայը կա» ՀԿ-ի փոխտնօրեն Վարդուհի Թովմասյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակն է հայ վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը։
«Միջոցառումների շարքը հնարավորություն է տալիս, որ հայ վարպետները կարողանան ցուցադրել իրենց ձեռագործ աշխատանքները։ Մեր այցելուները տեղում պատրաստում են ձեռագործ աշխատանքներ։ Երգի դասեր ենք ունենում նաև, ազգային պար ենք երեխաներին սովորեցնում»,-նշեց նա։
Միջոցառմանն իր օրհնությունն էր բերել Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
Նա արցախցի փոքրիկներին պատմեց մի պատմություն, որն իր հետ եղել է Արցախում՝ 2020 թվականին, մինչև պատերազմը։
Տեր Զենոնը իր խոսքում նշեց, որ ինքն ամեն առիթ օգտագործել է, որպեսզի գնա Արցախ։
Նա խոսեց Արցախում եղած հոգևոր ժառանգության և արժեքների մասին։
Միջոցառման ընթացքում նաև նվերներ բաժանվեցին արցախահայ երեխաներին։
«Ծրագիրը կոչվում է «5000 Ամանոր արցախահայ երեխաներին», որն իրականացրեցինք «Հայը կա» հասարակական կազմակերպության հետ։ Միտքն այն է, որ կարողանանք շատ-շատ երեխաների ցանկություններն իրականացնենք։ Այս պահի դրությամբ 17 հազար դիմում ենք ստացել, այս դիմորդների մեջ կան նաև բազմազավակ ընտանիքներ։ Նվերները հավաքագրել ենք և՛ մեր միջոցներով, և՛ մեր գործընկերների միջոցներով։ Ունենք բազում գործընկերներ, որոնք իրենց մոտ տեղադրել են տուփեր և հավաքագրել են նվերներ և նվիրաբերել են մեզ»,-այս մասին ասաց «Թափանցիկ բարեգործություն» ընկերության նախագահ Անուշ Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ նվերները դեռ հավաքագրվում են և, եթե կլինեն ընկերություններ, որոնք ցանկություն կունենան համագործակցել՝ կարող են դիմել իրենց։
Միջոցառումներն անցկացվում են Be Happy արենայում, որը գտնվում է Զաքյան 13/2 Մանկական այգի հասցեում։