Ավագանու որոշումը՝ աղբահանության վճարների վերաբերյալ․ որքա՞ն պետք է վճարել

Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման 21-րդ կետով սահմանվել է Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար.

1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 200 դրամ.

2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 դրամ.

գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 18 դրամ.

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային,
քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 դրամ,

ե. զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 դրամ.

զ. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 դրամ.

3) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 դրամ.

4) ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն հավելվածի 21-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3․000 դրամ.

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10․000 դրամ.

Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է՝ մեկ խորանարդ մետր աղբի համար 500 /հինգ հարյուր/ դրամ, մեկ տոննա աղբի համար՝ 1․800 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել