Սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման ու վճարման ամբողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։
Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Պետական եկամուտների կոմիտեն, Առողջապահության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, ներդրել է նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ։
Նոր փոփոխությամբ՝ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ տվյալները բժշկական հաստատությունը Միասնական սոցիալական ծառայությանը կներկայացնի էլեկտրոնային եղանակով։ Այնուհետև տվյալ տեղեկատվությունը կփոխանցվի Պետական եկամուտների կոմիտե՝ արտացոլվելով Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի նորաստեղծ «Նպաստներ» էջում։ Աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տվյալները գործատուին հասանելի կլինեն այդ էջի միջոցով։
Իսկ անաշխատունակության թերթիկը փակվելուց հետո, Կոմիտեի կողմից փոխանցված համապատասխան տեղեկատվության հիման վրա, Միասնական սոցիալական ծառայությունն առանձին-առանձին կհաշվարկի՝ թե գործատուի կողմից վճարվելիք գումարի չափը, թե՝ պետության։ Այդ տեղեկատվությունը ևս կարտացոլվի «Նպաստներ» էջում։ Գործատուն, հիմք ընդունելով այդ հաշվարկը, պարտավոր է իր կողմից վճարման ենթակա նպաստը վճարել առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում և այն արտացոլել եկամտային հարկի ամսական հաշվարկում։
Նոր համակարգի շնորհիվ համապատասխան պետական մարմինների միջև տվյալների փոխանցումը կկատարվի ինքնաշխատ։ Արդյունքում՝ քաղաքացին իր գործատուին ժամանակավոր անաշխատունակության թերթիկն առձեռն ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա, իսկ գործատուն ստիպված չի լինի որոշակի ընթացակարգերից ելնելով՝ այցելել համապատասխան գերատեսչություններ։