Ավարտվել է Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ.Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
Անվադողերի վաճառքով զբաղվող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակչի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից’ թաքնվելով նաև քննությունից։
Վերջինս հետագայում հայտնաբերվել էր Երևան քաղաքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ. Խաչատրյանին վերջնական մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հաստատելու վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել էր, և Տ. Խաչատրյանը կալանավորվել էր։
Վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հավելենք նաև, որ վարույթով տուժող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակիչը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև 218-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել է Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ: Նշված փաստի առթիվ նախաձեռնված առանձին վարույթի շրջանակներում որոշում է կայացվել` 46-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք:
Այս մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: