Կորցրած գույքը գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը կամ իրեն հայտնի որևէ այլ անձի, որն իրավունք ունի ստանալ այդ գույքը և վերադարձնել այն: Եթե գույքը գտնվել է շենքում կամ տրանսպորտում, այն պետք է հանձնվի այդ շենքի կամ տրանսպորտի միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին: Այդ դեպքում անձը, ում հանձնվում է գտանքը, ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները և կրում է նրա պարտականությունները:
Iravaban.net-ը հայտնում է, որ եթե գույքը վերադարձնելու պահանջի իրավունք ունեցող անձը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, գույքը գտնող անձը պարտավոր է գտանքի մասին հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին:
Նշենք, որ գույքը գտնող անձն իրավունք ունի այն պահել իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրանց նշած անձին:
Սակայն, արագ փչացող գույքը կամ այն գույքը, որի պահպանման ծախսերն անհամաչափ մեծ են դրա արժեքից, կարող է գույքը գտնողն իրացնել` ձեռք բերելով հասույթի գումարը հավաստող գրավոր ապացույցներ: Գտնված գույքի վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձվի այն ստանալու իրավասություն ունեցող անձին:
Եթե գտանքի մասին ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին հայտնելու պահից հետո` վեց ամսվա ընթացքում, գտնված գույքն ստանալու իրավազոր անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարել այն գտնող անձին, ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում դրա գտնողը:
Եթե գույքը գտնողը հրաժարվում է գտնված գույքը վերածել սեփականության, այն դառնում է համայնքի սեփականություն:
Գույքի վնասման դեպքում՝ գտնողը, գույքի արժեքի սահմաններում, պատասխանատու է դրա կորստի կամ վնասվածքի համար միայն մեղքի առկայության դեպքում:
Iravaban.net-ը հայտնում է, որ այս նյութը կրում է իրազեկման բնույթ։