Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ:
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպե՞ս խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» խորագիրը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ովքեր կարևորեցին Ազդարարման արշավի իրականացումը:
Միջոցառմանը համագործակցության հուշագիր ստորագրվեց Արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «ՀԿ կենտրոն» ՀԿ-ի և 5 այլ քաղհասարակության հասարակության կազմակերպությունների միջև, որի նպատակն է երկուստեք համագործակցության արդյունքում բարձրացնել ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը հասարակության շրջանում:
«Ազդարարման հարթակը (azdararir.am) հնարավորություն է ընձեռնում լայն հասարակությանը ինչպես անանուն, այնպես էլ անձնական տվյալները ներկայացնելով, հայտնել պետական համակարգում և տեղական ինքնակառավարման համակարգում կոռուպցիոն հանցագործությունների, բարեվարքության և էթիկայի նորմերի խախտումների հետ կապված իրավիճակների վերաբերյալ։ Ինչպես բոլոր նոր ներդրվող համակարգերում, այդպես էլ ազդարարման համակարգի գործարկման պարագայում, դրա օրգանական զարգացման շրջափուլում ի հայտ է գալիս դրանց հետագա բարելավման, լավարկման վերլուծությունների հիման վրա նոր փոփոխությունների ներդրման անհրաժեշտություն։ Մասնավորապես կարևոր է, երբ խոսքը գնում է մարդկանց անձնական տվյալների պաշտպանության և դրանց թվային լուծումների մասին»,-իր խոսքում նշեց Կարեն Կարապետյանը։
Նա ասաց, որ համակարգի բարելավման մասին խոսելիս կարևոր է հանրության ակտիվ ներգրավման խթանումը։
«Տեսնելով ազդարարման համակարգի ցուցանիշները անցած երեք տարիների ընթացքում՝ մշակվեց և այժմ մեկնարկում է համապետական իրազեկման ծրագիրն այս համակարգի մասին։ Ծրագրի իրականացման համար մենք փորձեցինք մոբիլիզացնել պետական համակարգում առկա բոլոր միջոցներն ու ռեսուրսները»,-ասաց փոխնախարարը՝ կարևորելով քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությունը այս աշխատանքներում։
Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը։ «Ազդարարների իրավական պաշտպանությունը շատ կարևոր է, նույնիսկ ԵՄ մակարդակով։ Ազդարարները շատ ժամանակ հետ են կանգնում՝ վախենալով վրեժխնդրությունից»,-ասաց Յան Պլեզինգերը՝ խոսելով ազդարարների իրավունքների իրազեկվածության խնդրի մասին։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեի խոսքով՝ ազդարարների պաշտպանությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն հանգամանք է ցանկացած երկրում։ «Միևնույն ժամանակ, արդյունավետ և ուժեղ իրավական դաշտը և պատժման մեխանիզմները հնարավոր է բավարար չլինեն, եթե երկրները ազդարարման իրական մշակույթ ստեղծելու հանձնառություն չունեն»,-նշեց Մաքսիմ Լոնգանգեն։
Հուշագրի ստորագրմանը հաջորդեց պանելային քննարկում, որի ժամանակ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները քննարկեցին Ազդարարման համակարգի օրենսդրական կառուցակարգերը, ազդարարների պաշտպանության մեխանիզմներն ու այլ հարցեր:
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ բարելավվել են ազդարարների պաշտպանական մեխանիզմները՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ Ազդարարների պաշտպանության կառուցակարգելը վերահսկելու գործառույթ է տրվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ «Հնարավորություն է տրվել նաև ազդարարին՝ անհրաժեշտության դեպքում ՄԻՊ-ին դիմելու համար։ Նա կարող է դիմել նաև իր գործատուին, իրավապահ մարմիններին՝ պաշտպանության համար անհրաժեշտ աջակցություն ստանալու համար»,-նշեց փոխնախարարը։
Ազդարարման համակարգի բարելավումն ու տարածումը շատ կարևոր գործիք կլինի հակակոռուպցիոն ոլորտում աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար․ այս մասին իր խոսքում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը։
«Վերջին տարիներին հանրային ընկալման համատեքստում բեկումնային այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան հանցագործությունների մասին հայտնող, հաղորդում ներկայացնող, իրազեկող անձանց նկատմամբ վերաբերմունքի առումով՝ տեսանելի և ոգևորիչ է։ Հատկապես կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում տվող քաղաքացիների մասով, կարելի է ասել, որ մենք ունենք էական աճ՝ հաղորդում տվողների և նախաքննության, հետապնդման մարմինների հետ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց շարքում»,- ասաց Մուշեղ Բաբայանը։
Ազդարարների վերաբերյալ հանրային բացասական վերաբերմունքի խնդրի մասին խոսեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին խմբի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը՝ նշելով, որ սխալ ընկալում կա ազդարարման համակարգի վերաբերյալ։ «Մենք ժառանգել ենք սովետական ժամանակաշրջանից եկած իրավամտածողություն, որ ազդարարները դիտարկվում են որպես «գործ տվողներ»։ Առաջին խնդիրը, որը պիտի կարողանանք հաղթահարել՝ այն է, որ կենցաղային խոսույթից սա պետք է դուրս գա։ Կարևորը, որ ընկալման փոփոխման սուբյեկտների կազմը պետք է լինի ոչ միայն շարքային քաղաքացին, այլև իրավապահ մարմնի ներկայացուցիչը, հանրային ծառայողը, որ վերջիններս հանրության հետ մեկ հարթության վրա լինեն և հակառակը, մենք պետք է կերտենք այնպիսի կերպար, որ ազդարարը ազնիվ և պետության համար մտածող քաղաքացին է»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։
Հակակոռուպցիոն փորձագետի խոսքով՝ կարևոր է հանրային իրազեկումը։ «Հանրամատչելի բոլոր եղանակնելով պետք է աշխատել մարդկանց հետ, տեղ հասցնել ազդարարման այն հնարավորությունների մասին, որն այսօր ՀՀ-ում գործում է, ազդարարման հարթակների մասին, որոնք կարող են ապահովել անձի և՛ անվտանգությունը, և՛ գաղտնիությունը։ Այսինքն, ազդարարը պետք է վստահ լինի, որ ազդարարման պարագայում իր թիկունքում պետությունն է կանգնած՝ իր անվտանգության երաշխիքներով և որևէ պարագայում նա չի կարող դառնալ վնասական գործողությունների և հաշվեհարդարի զոհ»,-մանրամասնեց փորձագետը։
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ պետք է փոփոխություններ կատարել «Ազդարարման համակարգի մասին» օրենքում, ավելի «ակտիվ դերի մեջ բերել» իրավապահ համակարգին։
«Հինգ տարի առաջ ես ուսումնասիրեցի, սոցհարցում էր արվել՝ ընդամենը 5-6 տոկոսն էր պատրաստ եղել ինքն ազդարարել։ Չնայած՝ 57 տոկոսը դրական է համարում ազդարարումը՝ ասում է՝ լավ է, որ ազդարարում են, բայց ես չեմ ազդարարի։ Այդ մշակութային բարիերներն, իհարկե, պետք է հաղթահարվեն։ Շատ լավ է, որ ներգրավվել է նաև ԿԳՄՍ նախարարությունը այդ հարցերում, քանի որ առանց այդ արմատական խնդիրների լուծման մենք չենք կարողանա հասնել մեր նպատակին՝ ազդարարման համակարգի արդյունավետության հարցում»,-նշեց նա։ Հովսեփ Խուրշուդյանը շնորհակալություն հայտնեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիային, որը համակարգի ներդրման ակունքներում է կանգնած։
Բանախոսներին հարց ուղղեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը՝ նշելով, որ ազդարարելը մանկուց պետք է լինի քաղաքացիների վարքագիծը։ «Հանրությունը պատրաստ պետք է լինի հասկանալու, որ պարտավոր է ազզդարարել կոռուպցիոն դեպքի մասին։ Ազդարարման խրախուսման մասով եմ ուզում հարցը տալ. արդյո՞ք չեք կարծում, որ խզում կլինի այդտեղ գաղափարի և խրախուսման միջև, որովհետև եթե դա իմ պարտականությունն է, արդյո՞ք այն հանգամանքը, որ ես ազդարարելու եմ և դրա դիմաց հատուցում եմ ստանալու՝ որևէ կերպ չի խաթարելու ազդարարման ընդհանուր վեհ գաղափարը»,-ասաց Մարիամ Գալստյանը։
ԱՆ տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքով՝ ազդարարման և հատուցման գաղափարախոսությունն իրարամերժ են։ «Այն պահից, երբ մարդը դա անում է հատուցման համար՝ այդ գործողության, գաղափարի մեջ մտցվում է թե՛ անհատական, թե՛ շահադիտական և դրանից բխող ռիսկերը»,-նշեց փոխնախարարն ու ընդգծեց, որ լավագույն միջազգային ստանդարտները ներդնելիս պետք է տեղայնացնելու ընթացքում հաշվի առնել տեղական մշակույթը։
Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, որ խրախուսման համակարգեր ներդրվել են Արևելյան գործընկերության երկրներից, օրինակ՝ Ուկրաինայի կողմից, ԵՄ երկրներից՝ Լիտվայի, Սլովակիայի կողմից և այլն։
Մուշեղ Բաբայանը նշեց, որ խրախուսման գործիքակազմն այս փուլում կարող է նպաստել գործընթացի ակտիվացմանը։
Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ընդգծեց՝ համակարգը տեղում է, սակայն պահանջում է հետագա զարգացում։ «Հույս ունեմ, որ մոտակա 12 ամիսները, որոնք մեզ սպասվում են, լինելու են շատ արդյունավետ»,-եզրափակեց նա։